Էջ:Վերադարձ։ Ելույթներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րում իմ առաջադրվելու կամ չառաջադրվելու հարցն է։ Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, այդ հարցն ինձ առանձնապես չի հետաքրքրում։ Իմ համոզմամբ , Հայաստանի գլխավոր խնդիրն այսօր ոչ թե ապագա նախագահի անձն է, այլ ներկա վարչախմբի վերարտադրության վիժեցումը, քանզի դա արատավոր, նվաստացուցիչ, սեփական քաղաքացիների հանդեպ օտարավարի վարվող, հայ ժողովրդին պատիվ չբերող իշխանություն է։ Ինչպես սեպտեմբերի 21-ի ելույթում հայտարարել էի, եթե հայտնվեր մի ուժ, որն ունակ լիներ լուծել այդ խնդիրը, ես ջանք չէի խնայի նպաստելու նրա հաղթանակին, իսկ եթե՝ ոչ, ապա ինձ ոչինչ չէր մնա, քան հնազանդվել ժողովրդի կամքին։ Ճիշտն ասած, ես տրամադրվել էի իմ վերջնական որոշումը կայացնել ընտրական գործընթացի սկզբնավորման նախօրյակին։ Սակայն իմ համակիրների նկատմամբ իշխանությունների կողմից վերջերս կիրառված բռնությունները, ինչպես նաեւ այս հանրահավաքի հսկայական էներգետիկան, այլեւս անհետաձգելի են դարձնում նման որոշման կայացումը։ Ուստի այս պահից ինձ հայտարարում եմ Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու։

Սա սոսկ հայտարարություն չէ, այլ իմ, որպես քաղաքական գործչի, կարգավիճակի կտրուկ փոփոխություն։ Հետեւաբար, այսուհետեւ իմ կողմնակիցների նկատմամբ գործադրված որեւէ բռնություն կամ հարկային ծառայության որեւէ ապօրինի պատժիչ գործողություն դիտվելու է որպես քաղաքացիների ընտրական իրավունքի հանցավոր խախտում, եւ այդպես էլ ներկայացվելու է ինչպես մեր հասարակությանը, այնպես էլ միջազգային ատյաններին։ Թո՛ղ յուրաքանչյուր ոստիկանապետ, թաղապետ կամ հարկահան ականջին օղ անի՝ քաղաքացիների սահմանադրական իրավունքների դեմ կատարված որեւէ բռնարարք՝ քրեական հանցագործություն է, եւ նրանք վաղ թե ուշ դատական կարգով պատասխան են տալու օրենքի առաջ։ Այդպիսիների ցուցակն արդեն գլխավորում են ոստիկանությանբ արձրաստիճան պաշտոնյաներ Ալեքսանդր Աֆյանը, Արարատ Մահտեսյանը եւ Ներսես Նազարյանը, իսկ ցուցակում հայտնվելու հավակնություն ունեն Երեւանի երկու թաղապետ, որոնց անունները, կախված նրանց հետագա վարքից, կհրապարակվեն կամ ոչ հաջորդ հանրահավաքներում։