Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սեռից, երբեմն աղջիկների սեռական ճեղքից նկատվում է լորձային և արյունային արտադրություն, որը դադարում է 2-3 օրից։ Սեռական կրիզի երևույթը նկատվում է կյանքի 3-7-րդ օրը։ Թեթևակի ուռած կաթնագեղձերը պարունակում են քիչ քանակության սպիտակավուն հեղուկ, կաթնագեղձերի մեծությունը՝ սիսեռահատից մինչև ընկույզի չափ։ 2-3 շաբաթ հետո ուռածությունն անհետանում է։ Բուժում չի պահանջվում, հեղուկը չի կարելի սեղմելով հանել։ Անհրաժեշտ է պահպանել մաքրություն, քանի որ գեղձի մեջ վարակ թափանցելու դեպքում կարող է առաջանալ կաթնագեղձի բորբոքում:

Շարժումների և հոգեկան աշխարհի զարգացումը։ Ուղղաձիգ պահելու դեպքում մեկ ամսական երեխան փորձում է պահել գլուխը, իսկ մոտ 2 ամսականում արդեն լավ պահում է։ Փորի վրա պառկած բարձրացնում է գլուխը և կուրծքը։ 3 ամսականում երեխան փորի վրա պառկած մի փոքր բարձրացնում է իրանը՝ հենվելով արմունկների և նախաբազուկների վրա, նստում՝ կոնքը պահելու դեպքում, մեջքից շրջվում կողքի վրա, ազատ պահում է գլուխը։ 4 ամսականում շարժումները դառնում են առավել ազատ, ձեռքերի օգնությամբ բարձրանալով, երեխան հենվում է ափերի վրա, մեջքից շրջվում փորի վրա, կարողանում է «կամուրջ» անել, բռնում, շոյում, պահում է առարկաները։ 5 ամսականում նստում է՝ ձեռքերով ինչ֊որ բանից բռնելով, թևատակերից պահելու դեպքում կանգնում ուղիղ՝ չծալելով ոտքերը։ 6 ամսականում, առանց պահելու, ազատ նստում է, կրծքից պահելու դեպքում՝ ոտքի կանգնում, քայլելու առաջին փորձերն անում։ 7 ամսականում սողում է, ինքնուրույն նստում, բարձրանում ծնկների վրա, կրծքից պահելու դեպքում՝ կառչում մահճակալին, խաղալիքը մի ձեռքից մյուսը փոխադրում։ 8 ամսականում ինքնուրույն նստում է, նստած դիրքից պառկում, կանգնում է՝ կառչելով ճաղերին, քայլելու փորձեր անում։ 9 ամսականում կանգնում է առանց հենարանի, երկու ձեռքից բռնած քայլում, ուղղաձիգ դիրքից նստում։ 10 ամսականում կանգնում և բարձրանում է առանց հենարանի, լավ քայլում աթոռից բռնած, փորձեր անում քայլել մի ձեռքը բռնած։ 11-12 ամսականում լավ քայլում է մի ձեռքից բռնած, առանց օգնության անում առաջին քայլերը, կքանստում առանց հենարանի, առարկան բարձրացնելիս կռանում առանց նստելու։

Շարժողական ակտիվության զարգացմանը զուգահեռ զարգանում է ճանաչողական գործունեությունը և խոսքը։ Արդեն կյանքի 2-րդ շաբաթում երեխան, արթնանալով, մի քանի րոպե մնում է աչքերը բաց, ապա սովածանալով, սկսում է լացել, մատները ծծել։ Մոր կրծքին մոտենալիս դրսևորում է մեծ աշխուժություն, գլուխը շրջում է կրծքի կողմը, բացում բերանը, կատարում ծծելու և կուլ տալու շարժումներ։ 1-ին ամսվա վերջում արթուն ժամանակ տարուբերում է ձեռքերը և ոտքերը, շրջում գլուխը, հայացքը կենտրոնացնում վառ գույնի առարկաների վրա։ Արհեստական սննդով կերակրվող մեկուկես ամսական երեխան սովորական սնունդը տարբերում է նորից։ 2 ամսականում գլուխը շրջում է դեպի ձայնը, դադարեցնում ծծելը, երբ նրան ցույց են տալիս վառ գույնի առարկա, դրսևորում բազմազան զգացմունքային ռեակցիաներ, իրեն ուղղված խոսքին արձագանքում է ժպիտով, «գղգղոցով»։ 3 ամսականում հետևում է առարկաներին, որսում ձայնի ուղղությունը և գլուխը շրջում վերջինիս կողմը, բարձր ծիծաղում է։ 4 ամսականում հետևում է շարժվող առարկաներին, արձագանքում է անծանոթներին, զբաղվում է կախովի առարկաներով, փնտրում և բռնում դրանք։ 5 ամսականում ճանաչում է մորը, հարազատներին, տարբերում է ձայնի տոնը, որով իրեն են դիմում, ճշգրիտ «մեկնում» ձեռքերը և վերցնում զանգուլակը, երկար ժամանակ այն պահում։ 6 ամսականում հետաքրքրվում է խաղալիքներով, բարձրացնում և վերադասավորում դրանք, վանկեր («մա», «պա») արտասանելու առաջին փորձերն անում, կարող է ուտել գդալով, ուտելիք տեսնելիս բացում է բերանը, շրթունքներով ընդունում այն։ 7 ամսականում հայելու մեջ ձգվում է իր պատկերի ուղղությամբ, աչքերով փնտրում որոշակի տեղում գտնվող առարկաները, ձեռքից ձեռք ձգվում, լավ կրկնում վանկերը (պա-պա-պա, մա-մա–մա)։ 8 ամսականում դիմախաղով արտահայտում է զարմանք, մեծերի խնդրանքով կրկնում արդեն սովորած շարժումները, իր ուշադրությունը գրաված իրը վերցնելու կամ փնտրելով գտնելու համար ցուցաբերում մեծ համառություն, խաղալիքներով խաղում է մեծ հետաքրքրությամբ, դիտում դրանք, մեկով մյուսին հարվածում ևն։ 9 ամսականում փնտրելով գտնում է տարբեր տեղերում գտնվող առարկաներ, կատարում որոշ խնդրանքներ (օրինակ, «տուր թաթիկը», «հրաժեշտ տուր թաթիկով» և այլն), հավաքում է մանր առարկաները, արկղից հանում խորանարդիկները։ 10 ամսականում սկսում է արտասանել պարզ բառեր, գտնում և տալիս խաղալիքները, կատարում պարզ պահանջներ, հասկանում արգելելը, տափկնոցի խաղում (երեսին քաշում բարուրաշորը)։ 11–12 ամսականում գիտի բազմաթիվ առարկաների անուններ, արտասանում է 10-12 բառ (այդ թվում «մամա», «պապա»), ցույց է տալիս մարմնի մասերը, կատարում նախապես սովորած և ծանոթ («գլորիր գնդակը»), ինչպես նաև յուրացնում նոր գործողություններ, մի առարկան դնում է մյուսի վրա, հանում և անցկացնում օղակը ևն։

Երեխայի խնամքը կյանքի առաջին տարում

Երեխայի անկյունը։ Առողջ երեխայի զարգացման անհրաժեշտ պայմաններն են մաքրությունը և թարմ օդը։ Բնակարանի լավագույն սենյակը, սենյակի լավագույն մասը անհրաժեշտ է հատկացնել երեխային (տես Մանկական սենյակ և Մանկական անկյուն):

Չի կարելի սենյակը սրբել չոր խոզանակով կամ ավելով, որովհետև բարձրանում է փոշի։ Հատակը, կահույքը, լուսամուտների գոգերն անհրաժեշտ է ամեն օր մաքրել խոնավ շորով, շաբաթը մեկ անգամ մաքրել պատերի և առաստաղի փոշին։ Ցանկալի է, որ սենյակը մաքրելու ժամանակ երեխան դրսում լինի։ Ձմռանը սենյակը 2-3 ժամը մեկ պետք է օդափոխել 10-15 րոպեով։ Ամռանը լուսամուտները պետք է ամբողջ օրը բաց պահել։ Եթե պայմանները թույլ են տալիս, երեխան պետք է քնի բաց լուսամուտներով սենյակում։ Ցերեկը լուսամուտները չպետք է ծածկել վարագույրներով՝ առատ արևային լույս ներթափանցելու համար։

Լավ տաքացվող սենյակում մեծացող երեխաները հեշտությամբ են հիվանդանում, դրսում շուտ մրսում։ Սենյակի լավագույն ջերմաստիճանն է 18°C–ից մինչև 20°C (նորածինների համար՝ 21–22°C)։ Երեխայի սենյակում չի կարելի ծխել։ Խնամքի բոլոր առարկաները պետք է լինեն մահճակալի մոտ դրված սեղանիկի վրա՝ ծածկված թանզիֆով։