Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծաղկակաղամբ), մրգեր և հատապտուղներ (կամ դրանց հյութերը), կաթնաթթվային մթերք, ձեթ, մեղր։ Հարկավոր է հաշվի առնել, որ որոշ մթերքներ (կաթնաշոռ, բրինձ, տանձ, նուռ, հապալաս, սար համեմունքներ և այլն) և ոգելից խմիչքները նպաստում են Փ-յան զարգացմանը։

Ամենօրյա առավոտյան մարմնամարզությանը՝ ներառյալ որովայնի մկանների համար նախատեսված վարժությունները, վազքը, հետիոտն կամ հեծանվով զբոսանքները, նստած աշխատելու անհրաժեշտության դեպքում թեթևակի շարժումները նպաստում են աղիքների բնականոն գործունեությանը։

ՓՐՓՐՈՒՆ ԼՎԱՑԱՄԻՋՈՑՆԵՐ լոգանք ընդունելու, մարմինը, մազերը լվանալու համար, հեղուկ բուրավետ նյութեր, որոնք պատրաստվում են մակերևութային ակտիվ և այլ օգտակար նյութերից։ Փ. լ-ի կազմի մեջ մտնում են տոնուսը բարձրացնող, հոգնածությունն անցկացնող, մաշկը թարմացնող բուսական տարբեր լուծամզուկներ և եթերայուղեր։ Փ. լ. լավ են փրփրում ցանկացած կոշտության ջրում, ունեն բարձր լվացունակություն, մաշկին տալիս են հաճելի փափկություն և առաձգականություն, իսկ մազերին՝ գեղեցիկ փայլ։ Թողարկում են նաև հատուկ Փ. լ. մանուկների համար։

ՔԹԱԲՈՐԲ, տես Հարբուխ։

ՔՐՏՆԱԽԱՇ, մաշկի ախտահարում, զարգանում է քրտնարտադրության ուժեղացման և քրտինքի գոլորշիացման դանդաղման հետևանքով։ Հաճախ առաջանում է շոգ եղանակին կրծքի և կրտսեր տարիքի երեխաներին չափից ավելի փաթաթելիս, տաք հագցնելիս։ Մեծահասակների Ք. կարող է առաջանալ տենդով և առատ քրտնարտադրությամբ ուղեկցվող սուր վարակիչ հիվանդությունների ժամանակ, տաք կոմպրեսներից։ Ք. բնորոշ է նաև գեր անձանց։

Ք-ի դեպքում մաշկի փակ հատվածներում, հաճախ մաշկածալքերում (աճուկաազդրային, ենթակաթնագեղձային, անութային), ինչպես նաև թիկունքի, նստատեղի, պարանոցի մաշկի վրա գոյանում են թափանցիկ պարունակությամբ մանր բշտիկներ։ Ք-ից կարող են առաջանալ նաև մաշկի թարախաբշտիկային հիվանդություններ։

Ք. բուժում են բժշկի նշանակմամբ։ Խորհուրդ է տրվում օդային լոգանքներ, սենյակի հաճախակի օդափոխություն, օգտակար են կալիումի գերմանգանատի թույլ լուծույթով (բաց վարդագույն), կաղնու արմատով լոգանքները։ Լոգանքից հետո հարկավոր է մաշկածալքերին քսել տալկի և ցինկի օքսիդի ցանափոշի, արևածաղկի եռացրած սառը յուղ։ Մաշկը կարելի է սրբել նաև սալիցիլային սպիրտի 1 %-անոց լուծույթով, օղիով (երեխաներին՝ կեսը եռացրած ջուր) կամ վաղենակի լուծույթով (1 ճաշի գդալ՝ 1 բաժակ ջրին)։ Ք-ի ժամանակ խորհուրդ չի տրվում կրել սինթետիկ հագուստ։ Տարվա շոգ եղանակին նպատակահարմար է օգտագործել բամբակե գործվածք։ Փոքրերին չի կարելի չափից ավելի տաք հագցնել, պինդ բարուրել։

Ք. կանխարգելելու համար հարկավոր է խուսափել օրգանիզմի գերտաքացումից, մանրակրկիտ խնամել երկարատև անկողնային հիվանդի մաշկը, հաճախակի փոխել սպիտակեղենը, մաշկը սրբել սալիցիլային և բորային սպիրտի 1-2 %-անոց լուծույթով կամ սպիրտային լոսյոններով։

ՔՐՏՆՈՏՈՒԹՅՈՒՆ, քրտինքի առատ արտադրություն։ Քրտնարտադրությունը կարևոր նշանակություն ունի օրգանիզմի կենսագործունեության համար։ Քրտինքի հետ օրգանիզմից արտազատվում են նյութափոխանակության թունավոր արգասիքները։ Զգալի ֆիզիկական լարման, հուզմունքի, տաք եղանակի դեպքում ամբողջ մաշկի առատ քրտնարտադրություն է նկատվում արագ գրգռվող նյարդային համակարգ, ներզատիչ համակարգի, քրոնիկական վարակիչ (տուբերկուլոզ ևն) հիվանդություններ ունեցողների մոտ։ Ընդհանուր Ք-ից բացի գոյություն ունի նաև սահմանափակ տեղային Ք., երբ քրտնում են մարմնի միայն որոշակի հատվածները՝ ափերը, ներբանները, անութափոսերը ևն։ Չափից ավելի Ք. կարող է նպաստել մաշկի շփաբորբի, քրտնախաշի, էկզեմայի, սնկիկային կամ թարախային հիվանդությունների առաջացմանը։

Ընդհանուր Ք-յան դեպքում պետք է դիմել բժշկի, իսկ սահմանափակ Ք-յան դեպքում՝ խստորեն պահպանել մաշկի խնամքի կանոնները։ Մարմնի շատ քրտնող մասերը պետք է ամեն օր լվանալ տաք ջրով և օճառով։ Լվանալուց և մաքուր սրբիչով չորացնելուց հետո անհրաժեշտ է օգտագործել ցանափոշի (լավ է կլանում խոնավությունը) կամ հոտազերծիչներ։ Ոտքերի Ք-յան դեպքում օգտակար են ամենօրյա լոգանքները։ Ջրին պետք է ավելացնել կալիումի գերմանգանատ (մինչև ջրի վարդագույն դառնալը)։ Լոգանքից հետո մատների արանքի և ներբանի չոր մաշկին պետք է ցանափոշի ցանել կամ մաշկը մշակել հատուկ հոտազերծիչով: Առավոտյան մաքուր գուլպաների մեջ պետք է լցնել կապող և ախտահանող միջոցներ (օրինակ, ուրոտրոպինի և տալկի հավասար համամասնությամբ խառնուրդ)։ Մաշկի չափից ավելի չորացումից խուսափելու համար պետք է շաբաթը 2-3 անգամ ոտքերի մաշկին քսել սնուցիչ քսուք։

Անհրաժեշտ է ամեն օր փոխել գուլպաները և կիսագուլպաները։

ՔՈՒԹԵՇ, սկարլատինա, սուր վարակիչ հիվանդություն, հարուցիչը որոշակի տեսակի ստրեպտոկոկն է (ըստ այլ տեսության՝ վիրոտը)։ Հիվանդանում են հիմնականում 2-8 տարեկան երեխաները։ Վարակի աղբյուրը հիվանդն է (այդ թվում հիվանդության ոչ արտահայտված ձևերի դեպքում, որի պատճառով հաճախ չի ախտորոշվում), որը վարակիչ է հիվանդության ամբողջ ընթացքում և ապաքինվելուց որոշ ժամանակ անց, ինչպես նաև առողջ վարակակիրը (տես Բակտերիակրություն)։ Հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, երրորդ անձանց և առարկաների միջոցով։ Գաղտնի շրջանը 1-12 (առավել հաճախ 2-7) օր է։

Հիվանդությունը, որպես կանոն, սկսվում է սուր ձևով. մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38,5-39,5 °C, նկատվում է փսխում, գլխացավ, տկարություն, բկանցքի, մոտակա ավշային հանգույցների բորբոքում։ Բարձր ջերմաստիճանը պահպանվում է 3 օր, որից հետո դառնում է բնականոն։ 1-ին օրվա վերջին և 2-րդ օրվա սկզբին մարմնի վրա առաջանում է մանր, կարմիր, կետավոր ցան, նկատվում է քոր։ Ցանի անհետացումից հետո մաշկը սկսում է թեփոտվել։ 3-րդ շաբաթվա վերջին, 4-րդի սկզբին կարող են առաջանալ բարդություններ՝ սրտի, երիկամների, ավշային հանգույցների, ականջի, հոդերի և այլ օրգանների ախտահարումներ։ Վերջիններս հաճախ դիտվում