Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գլխանոցով բաճկոն (նկ. 53)։ Չափսը՝ 46-48։ Բրդե թելի քանակը՝ 900 գ (№ 32/2, 8 տակ թել)՝ 450 գ մուգ կանաչ, 225-ական երկնագույն և նարնջագույն թելեր։ Խառնաթել (մելանժ) ստանալու համար միացնում են և ոլորում 2 երկտակ մուգ կանաչ, միտակ երկնագույն և նարնջագույն թելեր։ Հատանմուշը. 1= 2,6 հատ, 1 սմ = 3,8 շարք։ Հիմնական հյուսքատեսակը՝ ուղիղ հյուսք։ Առաջամասի, թիկնամասի ներքևում և թևքերի վերին մասում գունավոր զոլեր են արվում։ Առաջամասերի, գլխանոցի և գրպանների եզրերը հյուսում են հելունով։ Բաճկոնը կոճկվում է շղթայով։ Հաշվարկը կատարված է ըստ պարզեցված սխեմայի։

Թիկնամաս (նկ. 53, ա)։ Հյուսումն սկսում են ծալվածքից։ Օժանդակ թելով հավաքում են 156 հատ, հյուսում մի քանի շարք։ Հյուսում են 20 շարք երկնագույն, 2 շարք կարմիր, 20 շարք նարնջագույն, ևս 2 շարք կարմիր թելերով։ Այնուհետև հյուսումը շարունակում են խառնաթելով և հյուսում 200 շարք։ Եզրերից 6 անգամ 9-ական ասեղ դեպի վերին ռելս են դուրս քաշում։ Երբ հյուսման ավարտին մնում է 8 շարք, սկսում են թիկնամասի վզի սահուն բացվածքի հյուսումը։ Դրա համար թիկնամասի մեջտեղից դեպի վերին ռելս են դուրս քաշում 1 անգամ 9 և 3 անգամ 4-ական ասեղ։ Ուսի հատերը թողնում են բաց վիճակում՝ աշխատանքային թելով հյուսելով 1 շարք և օժանդակ թելով մի քանի շարք։ Հյուսում են թիկնամասի երկրորդ կեսը, հանում երկրորդ ուսի և վզի բացվածքի եզրի հատերը։

Առաջամաս (նկ. 53, բ)։ Սկսում և հյուսում են ինչպես թիկնամասը, սակայն երբ հյուսման ավարտին մնում է 32 շարք, հյուսում են վզի բացվածքը՝ դեպի վերին ռելս դուրս քաշելով 1 անգամ 3 և 9 անգամ 2-ական ասեղ։ Վերջին 12 շարքերում ձևավորում են ուսի թեքությունը (ինչպես թիկնամասում), իսկ վզի կողմից հյուսում առանց փոփոխության։ Ուսի և վզի բացվածքի եզրի հատերը (ինչպես թիկնամասում) թողնում են բաց։ Այնուհետև հյուսում են առաջամասի երկրորդ կեսը։

Թևք (նկ. 53, գ)։ Հյուսում են վերևից ներքև և հյուսման ընթացքում միացնում բաճկոնին։ Ուսի բաց հատերը միացնում են հորիզոնական տրիկոտաժային կարով։ Աշխատանքային դիրքի են բերում 104 ասեղ։ Օժանդակ թելով հավաքում են հատեր և հյուսում մի քանի շարք, այնուհետև հատակցման համար մուգ կանաչ թելով հյուսում 4 շարք։ Հակառակ երեսից այդ ասեղների վրա բաշխում են ուսագծի 52-ական հատը հետևյալ եղանակով. 2 միջհանգուցային հատ, 1 «հանգույց» ևն։ Հյուսումը շարունակում են խառնաթելով։ Կենտրոնական մասում աշխատանքային դիրքում թողնում են 20 ասեղ, մնացած ասեղները դեպի վերին ռելս դուրս քաշում և կենտրոնից դեպի եզրերն աշխատանքային դիրքի վերադարձնում 8-ական ասեղ։ Բոլոր ասեղներով հյուսում են գունավոր զոլերը (ինչպես թիկնամասում), այնուհետև հյուսումը շարունակում խառնաթելով։ Հյուսման ընթացքում գործվածքի եզրերից 1-ական հատ պակասեցնում են 15 շարքը մեկ 12 անգամ և 14 շարքից հետո 1 անգամ։ Բոլոր հատերն անցկացնում են կլոր շյուղերի վրա։ Թեզանիքը հյուսելու համար աշխատանքային դիրքի են բերում 52 ասեղ և դրանց վրա հակառակ երեսից բաշխում թևքի ներքևի եզրի բաց հատերը հետևյալ եղանակով. 13 ասեղին 1-ական, 26 ասեղին՝ 2-ական, 13 ասեղին 1-ական հատեր։ Մուգ կանաչ թելով հյուսում են 44 շարք, ծալվածք անում՝ ասեղներին անցկացնելով սկզբնական շարքի հատերը։ Կարելի է հատերը փակել «հյուսաձև»։ Նույն ձևով հյուսում են երկրորդ թևքը։

Մշակում են թիկնամասի և առաջամասի ներքևի եզրերը։ Դրա համար հակառակ երեսից «կերցնելով» հավաքում են բաց հատերը՝ յուրաքանչյուր 5-րդ ասեղին անցկացնելով 2-ական հատ։ 44-ական շարք հյուսում են մուգ կանաչ թելով, ծալվածք անում՝ բռնելով սկզբնական շարքի հատերը։ Փակում են հատերը։

Գրպան (նկ. 53, դ)։ Օժանդակ թելով հավաքում են 42 հատ և հյուսում մի քանի շարք, այնուհետև խառնաթելով հյուսում 20 շարք և մի կողմից 2 շարքը մեկ 30 անգամ 1-ական հատ պակասեցնում։ Մնացած 12 հատը հանում են հյուսելով օժանդակ թելով: Հյուսում են երկրորդ գրպանը հակառակ թեքությամբ։ Գրպանի գիծը շրջահյուսում են հելունով (2 շարք առանց հավելահատի սյունակներ և 1 շարք դարձահյուսք)։

Գլխանոցը (նկ. 53, ե) հյուսում են երկու մասից և հյուսման ընթացքում միացնում վզի բացվածքի եզրին։ Աշխատանքային դիրքի են բերում 50 ասեղ և հակառակ երեսից այդ ասեղներին անցկացնում վզի բացվածքի հատերը առաջամասի մեջտեղից մինչև թիկնամասի մեջտեղը։ Բոլոր ասեղները դեպի վերին ռելս են դուրս քաշում։ Առաջամասի մեջտեղից դեպի թիկնամասի մեջտեղն ասեղներն աշխատանքային դիրքի են վերադարձնում հետևյալ կերպ. 13 անգամ 2-ական, այնուհետև 4 անգամ 6-ական ասեղ։ Առաջամասի մեջտեղի կողմից անմիջապես սկսում են ավելացնել 1-ական հատ 6 շարքը