Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/605

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

30-35 սմ խորությամբ և բարձրությամբ։ Ցանկալի է դրանք տեղադրել հատակից 60-70 սմ բարձր և 1-2 հարկով։ Կերամանների քանակը պետք է ապահովի բոլոր թռչունների միաժամանակյա կերակրումը։ Որպես խմոցներ օգտագործում են դույլ, թաս, տաշտակ և այլն։

Հավերի թառերը տեղադրում են 1 մ, իսկ հնդկահավերինը՝ 60 սմ բարձրությամբ։ Դրանք սարքում են լավ հղկված, վերին անկյունները կլորացրած, 4 սմ լայնության և 7 սմ բարձրության չորսուներից։ Թռչնանոցները պետք է պահել մաքուր։

Բոլոր թռչնանոցներում բարենպաստ ջերմաստիճանը 14-18 °C է։

Թռչնանոցի առաջ պատրաստում են ցանկապատված զբոսաբակ, որի մակերեսը 2 անգամ մեծ է թռչնանոցի մակերեսից։ Զբոսաբակում տեղադրում են խմոցներ։

Բոլոր թռչունների համար կերաբաժնի հիմքը հատիկային և համակցված կերերն են։ Հասուն թռչնի կերակրման համար կարելի է օգտագործել նաև տարբեր հատիկների թափոններ, հյութալի կանաչ կերեր, կարտոֆիլ, գազար, շաքարի ճակնդեղ, գոնգեղ, կաղամբ, բանջարաբոստանային բույսերի մնացորդներ, քուսպ, շրոտ և այլն։ Ձվադրման շրջանում օգտակար են կենդանական ծագման չոր և սպիտակուցային կերերը, որոնք հիմնական կերին ավելացնում են համեմատաբար ոչ մեծ քանակով։

Կերակրման ռեժիմը. առավոտյան թռչուններին տալիս են հատիկի օրվա նորմայի 1/3-ը, երեկոյան 2/3-ը։ Մնացած հատիկային կերերը տալիս են աղացած կարտոֆիլի, հյութալի և այլ կերերի խառնուրդի հետ (ամռանը՝ 2, ձմռանը՝ 1 անգամ)։ Հասուն թռչնի կերաբաժնում ավելացնում են նաև հանքային կերեր՝ կալցիում (կավիճ կամ խեցի) և ֆոսֆոր (ոսկրալյուր, կալցիումի եռաֆոսֆատ) պարունակող կերեր։

Չածան թռչնի կերաբաժնում կալցիում պարունակող կերերը կազմում են չոր կերերի կշռի 3 %, իսկ ածանինը՝ մինչև 7 %, ֆոսֆոր պարունակող կերերը երկու դեպքում էլ՝ 1,5-2,5 %: Կերակրի աղը (նաև մատղաշի համար) կերախառնուրդում պետք է լինի չոր կերի 0,5-0,75 %-ը։

ԹԱՎՇԱԾԱՂԻԿ, աստղածաղկազգիների ընտանիքի խոտաբույսերի ցեղ։ Ընդգրկում է 26 տեսակ, գեղազարդիչ պարտեզագործության մեջ օգտագործում են երեքը, ուղղաձիգ կամ աֆրիկական, թեքված կամ ֆրանսիական, նրբատերև կամ մեքսիկական Թ-ները։ Բույսերը կարելի է օգտագործել կտրած ծաղիկներ ունենալու և ծաղկային տարբեր ձևավորումների (ծաղկաթմբեր, եզրաշերտեր, սիզամարգեր և այլն) համար։ Խորհուրդ է տրվում Թ. ընդգրկել բույսերի շրջանառության մեջ, քանի որ պարունակում է մանրէասպան հատկություններով օժտված առանձնահատուկ ցնդող նյութեր։ Խոր, ճյուղավորված արմատային համակարգի շնորհիվ Թ. ունի բարձր ներծծող ընդունակություն, ուստի այն կարելի է վերատնկել զարգացման ցանկացած փուլում, նույնիսկ ծաղկած վիճակում։

Ուղղաձիգ Թ., ըստ բարձրության լինում է ցածրաճ (մինչև 45 սմ), միջաաճ (մինչև 60 սմ), բարձրաճ (90 սմ), հսկա (ավելի քան 90 սմ)։ Ցողունի ճյուղավորումը թույլ է, տերևները՝ խոշոր (մինչև 20 սմ), թփի ձևը՝ հակառակ բրգաձև։ Ծաղկաբույլերը կիսաբազմաթերթ են և բազմաթերթ, տրամագիծը 6-8 սմ, միագույն, ծաղկում են դուրս գալուց 47-63 օր հետո։

Թեքված Թ. լինում է թզուկ (15-25 սմ), ցածրաճ (25-40 սմ), միջաաճ (40–45 սմ), բարձրաճ (50-60 սմ)։ Ցողունը առատ ճյուղավորված է։ Բույսը լայն է, ճյուղատարած։ Ծաղկաբույլերը՝ ոչ բազմաթերթ, կիսաբազմաթերթ, բազմաթերթ, միագույն և երկգույն, 4-6 սմ տրամագծով։ Ծլումից մինչև ծաղկումը տևում է 30-40 օր։

Նրբատերև Թ-ի բարձրությունը 20-40 սմ է, ցողունը առատ ճյուղավորված։ Բույսը գնդաձև է։ Ծաղկաբույլերը՝ ոչ բազմաթերթ, միագույն (դեղին և նարնջագույն) կամ երկգույն։ Ծաղկումը սկսվում է 40-50 օրից հետո։

Տեղի ընտրությունը։ Հողը։ Թ. ջերմասեր է, այն պետք է տնկել հյուսիսային սառը քամիներից պաշտպանված վայրում, քանի որ նույնիսկ թեթև ցրտահարություններին չի դիմանում։ Ստվերադիմացկուն է և երաշտակայուն, հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Թ-ի համար պիտանի են ցանկացած հողերը (բացի ծանր կավայինից), սակայն գերադասելի են ավազակավային խոնավ հողերը։

Սերմերի ցանքը։ Տնկումը։ Թ. կարելի աճեցնել սածիլմամբ և առանց սածիլման։ Սածիլների աճեցման համար սերմերը պետք է ցանել ապրիլի երրորդ տասնօրյակին։ Սերմնաբույսերը կարելի է սածիլել երկրորդ տերևի առաջացման փուլում և մինչև բաց գրունտում տնկելը պահել տաք ջերմոցում արկղերի մեջ, աստիճանաբար կոփելով սածիլները։ Վերջիններս ծաղկանոցում պետք է տնկել ցրտահարություններն անցնելուց հետո։ Բարձրաճ սորտերի սնուցման մակերեսը պետք է լինի 30x30 սմ, ցածրաճներինը՝ 20x20 սմ։

Առանց սածիլման եղանակով աճեցնելիս ցանքը պետք է կատարել այնպես, որ ծիլերը չցրտահարվեն։ Խորհուրդ է տրվում սերմերը ցանել բներով։ Ծիլերը դուրս են գալիս երկու շաբաթ հետո։ Սերմնաբույսերը պետք է նոսրացնել՝ թողնելով մեկ ամենաուժեղ բույսը։

Խնամքը. Թ. պահանջկոտ չէ մշակության մեջ։ Չոր եղանակին անհրաժեշտ է ջրել։ Դրական ազդեցություն են ունենում պարարտանյութերը։

Սերմերի հավաքումը. սերմերը հասունանում են ծաղկումից 30-40 օր հետո, հասունացման շրջանը երկարաձգված է։ Հասուն սերմերը հեշտությամբ թափվում են զամբյուղներից, ուստի ծաղկաբույլերը պետք է կտրել, երբ թեթևակի թառամում են և չորանում։ Խորհուրդ է տրվում սերմերը հավաքել խոշոր ծաղկաբույլերից։

Հիվանդությունները. Թ-ին առավել հաճախ ախտահարում է մոխրագույն փտումը: Ծաղիկների, ծաղկակիր