Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/677

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի հակադրություն առօրյա կենցաղում գործածվող անպաճույճ, բուսական պարզ ուտեստեղենի, Բարեկենդանի երկշաբաթյա շրջանում հիմնականում օգտագործվում էին մսեղեն, յուղ, կաթնամթերք, տեսակ-տեսակ խմորեղեն։ Տոնական խնջույքները գերազանցապես ուղեկցվում էին ժողովրդի լայն զանգվածների մասնակցությամբ։ Սեղանները, չնայած ձմռան ցրտերին, բացվում էին բացօթյա, կալերում, խնջույքները տևում էին ժամեր շարունակ և դրանց մասնակիցների կազմը օրվա մեջ մի քանի անգամ փոխվում էր։ Տոնի մյուս առանձնահատկությունը հարսանիքների առատությունն էր, որոնք նոր թափ էին հաղորդում հորդուն ուրախությանը։ Ուրախ պարերը, որ Բարեկենդանի խնջույքների անբաժան ուղեկիցներն էին, հարսանիքներին ի մի էին հավաքում բոլոր երիտասարդներին։ Բայց միայն երիտասարդները չէ, որ մասնակցում էին պարերին։ Բարեկենդանի պարերն իրենց շրջապտույտի մեջ էին առնում կանանց ու տղամարդկանց, երեխաներից մինչև զառամյալ ծերերը։ Պարերը սկսվում էին հենց առաջին օրը և օրեցօր աշխուժանում, բազմամարդ դառնում ինչպես կատարողներով, այնպես էլ հանդիսատեսներով, խրախուսողներով։ Պարում էին թե զուռնա-դհոլի և թե խմբերգերի նվագակցությամբ, իսկ տոնի վերջին շաբաթ-կիրակի օրերը գյուղի ամբողջ թաղեր շղթայվում էին կլոր խմբապարերով։ Վերջին օրը նշանավորվում էր զառամյալ ծերունիների խմբապարերով։ Ծերունիները մի հսկա շղթա կազմած շրջում էին ողջ գյուղում՝ յուրաքանչյուր տան առաջ գինի խմելով, իսկ 80-90 տարեկան պառավների յուրօրինակ պարն ուղեկցվում էր բնորոշ պարերգով.

Մտանք ի Բարեկենդան,
Կերթանք ի Զատիկ,
Իճապ մեկզմեկէ ինտո՞ր տի զատինք,
Եկեք պար մի բռնենք, ոսկեկ մի կ՚աժէ,
Ոսկեկ մաման նստեր, չորթանը կոշտ է։
Եկեք բռնենք յոթը շաբաթ մեծ պահքը,
Զատիկ ելլանք, ուտեն խմեն տղաքը,
Հագնին կապեն հոռոմներուն կտտաքը։
Ըհը եկավ Հայոց ազգին օրերը,
Հանեցեք հիները, հագեք նորերը,
Բարկենդան օրերը, Զատկուն կիրակին,
Եկանք ի Բարկենդան, կերթանք ի Զատիկ,
Տնավեր բարեկենդանք, վրան բաց Զատիկ,
Մենք ալ մեր յարերեն ինտո՞ր տի զատինք։

Բարեկենդանի գլխավոր զվարճությունը, սակայն, խաղերն ու թատերական ներկայացումներն էին։ Խաղերը, որոնց մասնակցում էին մանկահասակ երեխաներից մինչև զառամյալները, կին թե տղամարդ, տեղի էին ունենում ինչպես տներում ու բակերում, այնպես էլ հրապարակներում, կալերում, հանդիսատեսների ներկայությամբ, որոնց և խաղացողների միջև ծաղրակատակների զվարճալի մրցույթ էր ընթանում։ Այսպես էր Բարեկենդանը․ կլոր տարին հասարակական ու ընտանեկան նորմերին անմռունչ ենթարկվողներն անգամ այդ օրերին դառնում էին ինչ-որ չափով ազատ ու ինքնագլուխ։ Տղաներն այցելում էին աղջիկների հավաքատեղիները, աշակերտները ծաղրակատակներով տարվա ընթացքում կուտակված իրենց դժգոհությունն էին արտահայտում ուսուցիչներին, որդիները՝ հայրերին և այլն, այդ ամենն արդարացնելով Բարեկենդանի ամենաթողության իրավունքով.

- Բարեկենդան, փորեկենդան.
Բարեկենդան օրեր է,
Խելքս գլխես կորել է։

Մարդկանց շրջապատի նկատմամբ պահվածքի լրիվ այլ դրսևորումներն ունեին թատերականացված ներկայացումները, տարբեր հագուստներով ծպտված կամավոր ծաղրածուների դերակատարումները։ Դրանց գլխավոր թեման իշխանությունն իրականացնողների ծաղրն էր, հաճախ այնքան թափանցիկ, որ ծաղրի ենթարկվողներն իրենք իրենց ճանաչում էին։ Սակայն Բարեկենդանին սրբագործված էր թե՛ ծաղրը, թե՛ հանդգնությունը։

Բարեկենդանի վերջին օրը խելահեղության են հասնում խնջույքները, պարերը, խաղերը... Ջանում են ուտել-վերջացնել բոլոր մսեղեն-յուղեղեն-կաթնեղեն կերակրատեսակները։ Հաջորդ օրն արդեն պաս է՝ Մեծ պասի առաջին օրը, և քառասունինն երկար ու ձիգ օրեր ոչ միայն ուտելիքի, այլև մարդկանց պահվածքի խստության շրջանն է սկսվում։

ՄԵԾ ՊԱՍ, բարեկենդանի անհոգ ուրախությանը, զվարճախաղերին, անհագուրդ խրախճանքներին, կենցաղային թեթևամտությանը, հասարակական սովորույթների ավանդական կարգի խախտումներին փոխարինելու էր գալիս տարեկան պասերից ամենաերկարատևը՝ Մեծ պասը։ Այն ինքնամաքրման, ինքնազոհաբերման, ապաշխարության, մաքրակենցաղության և ինքնազսպման յոթշաբաթյա շրջան է։

Մեծ պասի հենց առաջին օրը հաշտություն, համերաշխություն սահմանելու օր էր, գժտություններն ու թշնամությունները մեղմելու, հասարակության մեջ ներդաշնակ բարեկամական հարաբերությունները վերականգնելու օր։ Միջնորդները գործի էին անցնում, հանդիպեցնում նույնիսկ թշնամիներին։ Ոչ ոք չէր կարող խուսափել այդ սովորույթից, այլապես կզրկվեր Մեծ պասի ավարտին հաղորդվելու իրավունքից։

Նույն օրը հոգևոր մաքրությանը ուղեկցում էր առարկայական մաքրության սովորույթը։ Բարեկենդանը վերջացել է, և Մեծ պասի հենց առաջին օրը ջանում էին վերացնել բարեկենդանյան զեխության հետքերը՝ լվանալ բոլոր ամանեղենը, լվացք անել, լողանալ, մաքրել տան ու բակի բոլոր անկյունները և այդպես մաքուր դիմավորել ինքնազսպման շրջանը։ Պաս էր և արգելքի տակ էին կենդանական ծագում ունեցող բոլոր ուտելիքները, դրանց փոխարինելու էին գալիս բանջարեղենը, ձեթը։ Մեծ պասի քառասունինն օրերին պիտի ուտեին լոբուց, ոսպ ու սիսեռից, կարտոֆիլից ու գետնախնձորից, սոխ ու սխտորից, ձավարեղենից, զանազան չորացրած ու թթու դրած կանաչեղենից պատրաստվող փլավներ, ապուրներ, տապակած կերակրատեսակներ, և հատկապես՝ հռչակավոր մախոխ-ապուրը։ Մախոխը տարբեր տեղերում տարբեր կերպ էին պատրաստում, բայց այն Մեծ պասի ուղեկիցը, խորհրդանշական ճաշատեսակն էր ամեն տեղ։ Շատ վայրերում կորկոտը լավ եռացնելուց հետո սառեցնում էին, շաղախում թթխմորով և լցնում կարասը, թողնելով, որ այն խմորվելով թթվի։ Ոմանք էլ թթխմորով շաղախելուց հետո գնդեր էին շինում ու չորացնում, և անհրաժեշտության դեպքում ջրով բացում էին այդ գնդերը։ Համարյա ամենուր այս ծիսական ճաշատեսակին ուղեկցում էին որոշակի ծեսեր։ Օրինակ, շատերը հետևում էին, որ պասի ընթացքում մախոխը ուտելու և հատկապես պատրաստելու թիվը զույգ չլինի, այլ անպայման՝ կենտ։ Ուրիշները մախոխը պատրաստելուց և կարասը լցնելուց հետո կանչում էին երեխաներին, որ նրանք կարասի մոտ մի քանի անգամ