Էջ:Arakel of Tabriz, History.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կառուցվածքով և թե՛ բառապաշարի փոփոխությամբ։ Դավրիժեցին գիտակցաբար չի հետևում ժամանակի հակաժողովրդական լեզվական այդ ուղղությանը. սա դեռևս քիչ է նրա համար։ Նա մերժում ու քննադատում է այդպիսի լեզուն ու ոճը և իր գրքի ստեղծման գաղափարի հիմքում դնում է ժողովրդին հասկանալի դառնալու ազնիվ սկզբունքը, որին նա հավատարիմ է մնում ամբողջ շարադրանքի ընթացքում։ Այս ստվարածավալ գրքում չեք գտնի գրաբար այնպիսի մի արտահայտություն ու դարձվածք, որ ժամանակի սովորական կրթություն ստացած՝ միջակ գրագիտություն ունեցող մարդու համար անհասկանալի լինի։ Ամեն ջանք ու հնարք հեղինակը գործադրում է ընդհանրության համար հասկանալի դառնալու, որովհետև նրա ողջ մտահոգությունն ու վիշտը այն է, որ երկար ժամանակ հայությունը մնացել է առանց դպրոցի ու գրքի։ Դավրիժեցին յուրահատուկ լուսավորիչ է՝ առանց 17-րդ դարի լուսավորական գաղափարներին ծանոթ լինելու։ Նա գրում է զարմանալի կենդանի լեզվով, այնպիսի գրաբարով, որ կարդացողը երբեք մտքով չի անցկացնի, թե սա միայն գրական լեզու է առանց բանավոր խոսքի կենսատու շնչի ու ջերմության։ Կարելի է ենթադրել, որ կրոնավոր հեղինակը իր միջավայրում հենց այս լեզվով էլ խոսել է։ Գրքի ամենագրական հատվածը, որ Խորենացու մեծ շնչով ու թախիծով գրված հոյակապ ողբ է, գրաբար հայերենի վերակենդանացման զարմանալի փորձ է և վերաբերում է հեղինակի՝ օտարների ամայացված ու անմարդաբնակ դարձրած, չքնաղ հայրենիքին։ «Նա և զբարեհամ ու զականակիտ զմշտահոսան աղբերակունս ջորցն, և զկարկաչահոս ծիծաղախիտ յաւէտընթաց յառաջխաղաց վտակս ջուրն, որ ի գլխոց ձիւնաբարդ սպիտակափայլ բարձրաբերձ լերանց առ ի ստորև հոսեալ, իջանէ ի դաշտ անդր և շինութիւն (շէնութիւն) նոցին մատակարարէ։

Նա և զքաղցրաշունչ և զառողջարար և զկենդանապարգև զօդ և զհողմ սորին և զայլ ամենայն վայելչութիւն սորա տեսանելով հեղձամղձուկ եղեալ փղձկիմք և հարեալ յարտասուս ողբամք և աշխարեմք, զի անապատ եղև վայելուչ և քաղցր աշխարհս մեր։ Եվ ազգ և ժողովուրդ մեր խլեալք ի տեղեաց և անջատեալք ի հայրենի և բնիկ ժառանգութեանց և յօրհնեալ յերկրէ, որ լի էր նշխարօք սրբոց աստուծոյ և ոռոգեալ արեամբ սրբոց վկայից և օրհնեալ քարոզութեամբ սրբոց առաքելոց՝ եղեւ վտարանդեալք և տարամերժեալք յերկիր օտար և յազգ այլասեռ և այլալեզու, որ և թշնամիք հոգւոյ և հաւատոյ, և արեան ծարաւիք մարմնոյ։ Որք և անդէն օր աւուր առ սակաւ սակաւ նուազին, ոմանք մահուամբ և կորստեամբ և ոմանք հաւատոյ ուրացութեամբ, որք դառնան յանօրէն օրէնս պղծոյն անապատի»։

Պարզ ժողովրդական, նույնիսկ տեղ-տեղ հեքիաթային ոճով ու արտահայտություններով է գրում Դավրիժեցին։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է ուրիշի անուղղակի խոսքը ձուլում իր հեղինակային խոսքի հետ ճիշտ այնպես, ինչպես անում է մեր գյուղացին, երբ որևէ բան է պատմում։ «Ւսկ մնացեալ զօրքն օսմանցւոց, որք ի քաղաքէն Թարվիզու փախեան և որք ի պատերազմէն զերծան, գնացեալ ժողովեցան ի քաղաքն Նախչուան։ Եւ ընդ զօրացն Նախչուանու խորհեցան խորհուրդ, թէ թագաւորն

14