Էջ:Arakel of Tabriz, History.djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին ուխտել ու հաստատել շահն ու ֆռանկների թագավորը, և հաճոյակատարություն անելով նրանց՝ հայրերին չպատմեց, այլ ազատ արձակեց առանց պատիժների։ Իսկ հայրերը շահի ներողամտությունից համարձակություն առնելով շահին ասացին. «Այսքան չարչարանք ու նեղություն, որ մենք կրեցինք նշխարների համար, խնդրում ենք, որպեսզի նշխարներից մի մաս արքան մեզ պարգևի»։ Շահը նրանց պատասխանեց զարմացական մեղադրանքով, ասաց. «Որո՞նց ինչքը առնեմ, ձեզ տամ, որովհետև այս նշխարը, որ խնդրում եք հայերինն է. և ի՞նչ օրենք կհաստատի, որ ես նրանց ինչքը առնեմ, ձեզ տամ»։ Ապա շահը հրաման տվեց՝ բոլոր նշխարները տալ խոջա Նազարին, այդպես էլ եղավ։ Սրանից հետո շահն է կամեցել նշխարները ուղարկել Սպահան քաղաքը. խոջա Նազարին ասել է, թե այսպես եմ կամենում անել, նա էլ սրան հավանություն է տվել։ Ապա շահը նամակ է գրել Սպահան խոջա Սաֆարին, թե՝ «ձեր միջնորդության համար և ըստ ձեր սրտի ցանկության, ֆռանկներից առա ձեր սրբերի նշխարները և պարգևեցի ձեզ. արդ՝ ուղարկեցի քեզ, իբրև ավանդ պահելու համար, այժմ ընդունիր այդ և պահիր, մինչև պահանջեմ, բերես իմ առջև»։ Իսկ խոջա Սաֆարը առել և ընդունել է նշխարները, իր տանը պատրաստել է պատշաճավոր տեղ և այնտեղ հանգստի է դրել։ Եվ ըստ արժանվույն սրբություների՝ ամեն օր անուշահոտ խունկերով, պայծառ մոմերով պաշտում էր դրանք որքան ինքը և որդիքը կային, իսկ այժմ էլ [նույն անում են] թոռները, և այնտեղ են գտնվում մինչև այսօր։

Արդ՝ սրբուհի Հռիփսիմեի նշխարները այսպես են խլված եղել ֆռանկներից և այսպես են եկել Սպահան քաղաքը։

Իսկ նշխարները հանող հայրերը, որոնց շահը ազատեց, Թավրիզից ելան, երկրորդ անգամ գնացին Նախիջևան, որպեսզի վերստին գնան Արարատյան գավառը սրբերի նշխարներ որոնելու։

Մինչ հայրերը տակավին Նախիջևանի գավառում էին, մի օր պատահաբար տեսան Նախիջևան քաղաքի բոլոր գավառների իշխան Մախսուդ սուլթանին։ Նրանց միջև կայացած խոսք ու զրույցի երկարելով, որ վերաբերում հավատին, սուլթանն ասել է հայրերին. «Ապա մեր պատգամաբեր