Էջ:Arakel of Tabriz, History.djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ելավ Տրապիզոնից, եկավ Արարատյան երկիրը՝ Սաղմոսավանք, Սարգիս եպիսկոպոսին ընկերակցելու, բայց նրան տեսնել չկարողացավ, որովհետև գնացել էր Երուսաղեմ։ Այս պատճառով սա ևս մտադրվեց գնալ Երուսաղեմ։ Սաղմոսավանքից դառնալով եկավ Տրապիզոն, վաճառեց իր ողջ ունեցվածքը, որոշ մաս տվեց աղքատներին, տունն ու հողերը հանձնեց Տրապիզոնի եկեղեցուն, մի մասը վերցրեց իր հետ իբրև ճանապարհի ծախս և ելավ գնաց Երուսաղեմ։ Եվ սրանք երկուսն էլ՝ Սարգիս եպիսկոպոսն ու տեր Կիրակոսը հանդիպեցին միմյանց։ Մի քանի օր միասին ապրելուց հետո, իրար գտան միևնույն դիտավորությամբ, միևնույն ցանկությամբ, միևնույն ցավով հիվանդացած։ Եվ այդ օրից միակամ, միաբան, միախորհուրդ լինելով [որոշեցին], հետագայում ևս միասին ապրել։

Բայց որոնում էին խաղաղ, պատշաճավոր անապատի տեղ՝ հեռու աշխարհային պղտորումներից։ Եվ լսելով իմացող մարդկանցից, թե այդպիսի տեղեր շատ կան Հայաստանի արևելյան մասում, մանավանդ Սյունյաց երկրում. հին ժամանակներից անապատ է եղել այդ երկրում, որի տեղերը այժմ էլ երևում են։ Եվ երբ ստուգեցին ասվածը, Երուսաղեմից ելան հոժարությամբ դիմեցին ու եկան արևելյան աշխարհը՝ Սյունյաց երկիրը և հասան Ստաթե92 առաքյալի մեծափառ ուխտը, որ այժմ կոչվում է Տաթևի վանք։ Կարճ ժամանակ այնտեղ մնալով, գնացին այնտեղ, որ անվանվում էր Ձորո վանք՝ ասվում է նաև Ցրվանց93։ Կարճ ժամանակ անց այդտեղից գնացին այն տեղը, որ անվանվում է Թանահատի վանք94։ Այնտեղից ևս դուրս գալով՝ որոնում էին առավել խաղաղ, անպղտորիչ և ապահով վայր, մինչև որ գտան տեղը, որտեղ այժմ շինված կա մեծ անապատը։ Այնտեղ շինեցին եկեղեցի, անապատին ու մենակյացին պատշաճ խավար ու մթին փոքրիկ խցեր, ինչպես ցույց են տալիս «Հարանց վարքի»95 և այլ ճգնավորների գրքերը, խավար ու մթին ավելի փոքր խցեր և սկսեցին տեղավորվել այնտեղ։

Իսկ տերերի տերը և աստծո աստված, որ միշտ բարին է կամենում, առաջ էր տանում, հաջողում և ուղղում էր նրանց գործերը, ինքը թիկունք ու օգնական էր լինում, որովհետև նրանց բարի համբավը լսելով՝ շատերը եկան և միացան նրանց,