Էջ:Arakel of Tabriz, History.djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անապատի արևմտյան կողմը՝ պարիսպն ու հյուրատունը, անասունների ախոռը, ամբարները, միաբանների սենյակից մի մաս և արևմտյան մեծ եկեղեցու արևմտյան սյուների հետևի կողմից բոլորը ավերվեցին։

Գործված աղետը խիստ սարսափելի ու երկյուղազդու էր, քանզի ինչպես ծովի ալիքների լեռնացած կոհակներ, որոնք միմյանց հետևից սահելով ընթանում են, այդպես էլ հաստահիմ վեմերը, այդ վայրերի քարը, հողը եղան։ Որովհետև լեռան սրտից, որի վրա շինված է Թանահատի վանքը, խոր անդունդներից լեռան բնական քարերը սկսեցին պատռվել և հողով, խճով, մեծամեծ վեմերով իբրև եկած տներ վերից վայր հոսում էին։ Եվ վերից եկած հոսքը իր ուժով և ուժգին հոսանքով իր առջևի վայրերը բնական տեղից հեռու թռցնվելով՝ իր հետ առած միասին, միմյանց հետևից ընթանում էին իբրև ծովի հորձանք վերուվայր անելով։ Եվ այսպես սահելով գնացին հասան Որոտան մեծ գետին, որ ձորի մեջ անցնում է, և արգելեցին ջրի ընթացքը մոտ ութ ժամ։ Իսկ գետի ջուրը, որ վերևից իջնում էր, եկավ, ծովացավ և տեղը լցրեց. ապա ինչ-որ կողմից իրեն գնալու տեղ գտավ, գնաց։ Իսկ քարերը, հողերը, որ արգելվեցին գետեզրում, եղան մեծ բլուր։

Իսկ անապատականների գերեզմանոցը անապատի արևմտյան կողմից էր, տեղանքի հոսելու հետ այս գերեզմանները առհասարակ միանգամից բոլորը միասին իրենց խոր ու անդնդային հատակով թռան իրենց տեղից, սահելով գնացին մեծ հեռավորությամբ մի վայր, դադար առան, կանգնեցին։ Նաև սույն տեղում էին թաղված սուրբ վարդապետ Պողոսը, որի պատմությունը արել ենք մի այլ գլխում, և պարոն Սարգիսը, որի մասին անցյալ գլխում պատմեցինք, և Արիստակես վարդապետը, որ պարոն Սարգսից հետո եղավ անապատի առաջնորդը, նաև ճգնավոր ու ընտիր, առաքինի գործեր կատարող տեր Բարսեղ աբեղան։ Սրանք չորսն էլ միմյանց կից էին թաղված ու նրանց վրա մատուռ էր շինված։ Գերեզմանատան տեղի հոսելու ժամին աստծու խնամքը սքանչելագործություն արեց այս սրբերի վրա, որովհետև սրանց գերեզմանները ամենևին չխախտվեցին, նույնիսկ