Էջ:Arakel of Tabriz, History.djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջինն է սեր ու միաբանություն երկու աթոռների միջև՝ Էջմիածնի ու Սսի կաթողիկոսների․ յուրաքանչյուր կաթողիկոս յուր վիճակի նվիրյալին ձեռնադրի և ոչ թե այլ վիճակի, իսկ եթե այնպես պատահի, որ ձեռնադրի այլ վիճակից որևէ մեկին, նրան պետք է տեղավորի իր վիճակում, և եթե ձեռնադրյալը տվյալ կաթողիկոսի վիճակից փոխադրվի մյուս կաթողիկոսի վիճակը, անընդունելի լինի։

Երկրորդ՝ ինքը նվիրյալն էլ չհամարձակվի իրենը թողնելով մյուս կաթողիկոսի մոտ գնալ, այլ պետք է մնա իր կաթողիկոսի մոտ։

Երրորդ՝ առանց ժողովրդի խնդրանքի և վկայագրերի որևէ մեկին չպետք է եպիսկոպոս ձեռնադրել։

Չորրորդ՝ ինչ պատճառով ուզում է լինի, որևէ մեկը մյուս վիճակի եպիսկոպոսին չպետք է հափշտակի։

Հինգերորդ՝ մի վիճակը երկու եպիսկոպոս և երկու առաջնորդ, չպետք է ունենա, եթե խիստ պատճառ մեջտեղ չգա։

Վեցերորդ՝ որևէ մեկը չհամարձակվի այլ վիճակից մեկին եպիսկոպոս ձեռնադրել, իսկ եթե համարձակվի, ինքն ու իր ձեռնադրածը լուծվեն:

Յոթերորդ՝ եթե եպիսկոպոսը ոչ իր կաթողիկոսի հրամանով, այլ կաշառքով կամ այլազգիների բռնությամբ համարձակվելով իշխի այլ վիճակի, իր կարգից լուծվի։

Ութերորդ՝ որևէ վարդապետ չհամարձակվի ամեն մեկին ինքնագլուխ վարդապետության իշխանություն տալ, եթե նվիրյալը ուսումով, առաքինությամբ, հասակով աստվածային երկյուղով կատարյալ և ամենքի կողմից վկայված չէ, որովհետև այս պատճառով շատ անկարգություններ ու գայթակղություններ մուտք գործեցին եկեղեցի, իսկ եթե չլսելով հաշվի չառնեն այս հրամանը, իշխանություն տվողը զրկվի պատվից, իսկ իշխանություն ստացողը չընդունվի:

Իններորդ՝ քահանա կամ այլ ժառանգավոր ձեռնագրություն պետք է ստանա իր եպիսկոպոսից իր ժողովրդի համաձայնությամը, իսկ եթե այդպես չէ, կարգից գցվի:

Տասներորդ՝ իրավունքն ու հասույթը, որ եպիսկոպոսները և քահանաները սահմանել են ժողովրդից, ըստ հայրապետական կանոնների ստանան եպիսկոպոսներն ու քահանաները