Էջ:Arakel of Tabriz, History.djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միաբանության վերածեց, քանզի ժողովրդից ովքեր որ բնիկ տեղացիներ էին՝ Կոստանդնուպոլիս քաղաքից, բարձրամիտ պարծանքով ճնշում, իշխում էին եկվոր ժողովրդին և իբրև գռեհիկ ու տմարդի էին համարում։ Իշխանական բոլոր իրողությունները, գործերն ու խոսքերը վերցրել էին իրենց ձեռքը և այդպես էին գործում, իսկ եկամուտները շորթելով՝ անհաղորդ էին պահում (եկվորներին)։ Այս պատճառով նրանք հոգու խորքում վշտանում էին իրենց քահանաներից, և մշտապես վիրավորական ու ատելության խոսքերով էին դիմավորում միմյանց և կռվում էին խռովությունը նրանց մեջ հաստատվել, արձանացել էր անհաշտ ու արյան ատելությամբ։

Իսկ Փիլիպոս կաթողիկոսի այնտեղ գալով և նրանց այնտեղ տեսնելով՝ ամեն գործից ավելի կարևոր համարեց դրա մասին հոգալ։ Շատ օրեր բազմազան ձևերով, երբեմն ընդհանուր, երբեմն առանձին-առանձին խրատելով, սովորեցնելով, ամենքի սիրտը, կամքը շահելով բերեց իր խոսքին և նրանց հաշտեցնելով միաբանեց, որ լինեն համահավասար եղբայրներ և ամեն գործ ու բան միասին հոգան և կատարեն։ Այնուհետև ջերմ սիրելիներ և վշտալից եղբայրներ լինելով մնում են Փիլիպոս հայրապետի սահմանադրությանը ենթակա գեղեցիկ սիրով ու միաբանությամբ շնորհիվ օրհնյալ Քրիստոս աստծու։

Ապա դրանից հետո ձեռնարկեց եկեղեցիների պարտքը վճարելու, որովհետև քառասուն հազար ղուռուշ պարտք կար հայոց այն եկեղեցիների վրա, որոնք Կոստանդնուպոլսում են։ Պարտքերի պատճառը նախ՝ սոսկ միայն կոչումով, միայն պատրիարք անվանված առաջնորդները, որ թագավորական իշխանության օգնությամբ են նստում, դրամի ընտրությամբ սպրդելով ներս են մտնում, իրենց և դրամի ծառայությանն են նվիրված և ոչ աստծուն: Եվ երկրորդ՝ ժողովրդից կռվասերներ, խռովարարներ, որոնք փառասիրության, նախանձի, մարմնավոր շահի ակնկալության համար խմբավորվում են ոմանք այս առաջնորդի, ոմանք այն առաջնորդի շուրջը դրամի ծառայության արբանյակներ և զորավիգներ էին լինում նրանց։ Ապա գնալով մատյանավարի (քարտուղարի),