Էջ:Arakel of Tabriz, History.djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եկեղեցու յոթ խորհուրդները և ամբողջ ժամակարգությունը խափանվեցին, իսկ խեղճ ժողովուրդը մնաց անասելի նեղությունների մեջ, ավելի քան կռապաշտության ժամանակներում։

Ապա ժողովուրդը իրենց բազում նեղությունների պատճառով բողոքեց Սուրբ աթոռ Էջմիածին, որովհետև տեր Սիմոն անունով մի քահանա և մի երևելի աշխարհական մարդ ուղարկեցին տեր Մովսես կաթողիկոսի մոտ, որպեսզի հոգա և նրանց փրկության հնար գտնի։ Կաթողիկոսը խոհեմ, իմաստությամբ լեցուն, խոնարհ, մաղթողական խոսքով մի նամակ գրեց լեհաց թագավորին, նրա իշխաններին և Լվով քաղաքի արքեպիսկոպոսին, որ ազգով ֆռանկ էր, նաև պապին և խնդրեց թե ողորմացեք տառապյալ ժողովրդին, եկեղեցին հանձնեցեք իրենց և մի խափանեք եկեղեցու յոթ խորհուրդը, որ Քրիստոսի քահանաներին վայել չի անել։ Երբ այս հրովարտակները հասան Լվով քաղաքը, և ժաղովուրդը տարավ մատուցեց ըստ տերերի՝ թագավորին և այլոց, նրանք հրամայեցին թարգմանել լեհական գրով ու լեզվով, որոնք ընթերցելով հաճույք զգացին ու հավանեցին բոլոր խոսքերին ու որպիսություններին։ (Նամակի) խոսքերից թագավորի, որի անունն էր Վլադիսլավ, սիրտը գութ ընկավ, որը և հրամայեց, թե հայոց եկեղեցին տվեք իրենց։ Բայց ճիզվիտները ընդդիմացան, չթողին, ասելով թագավորին․ «Այս գործը եկեղեցական և հոգևորական գործ է, որ վերաբերում է պապին ու արքեպիսկոպոսին։ Նրանք են պարտավոր հոգալու այս, որոնց հարմար է ու պատշաճ ոչ քեզ, որ մարմնավոր թագավոր ես․ այս պատճառով քեզ հարմար չէ խառնվել այս գործին, որ հոգևոր գործ է։ Թագավորը, այս ժողովրդի տառապանքին գթալով խնդրեց արքեպիսկոպոսին՝ հայոց եկեղեցին իրենց տալ։ Ճիզվիտները սրան ևս ընդդիմացան և չթողին տալ։ Թագավորը հայոց վրա ավելի գթալու համար, ինքը՝ թագավորը վեր կացավ, գնաց հայոց եկեղեցին, որ հայոց եկեղեցին հանձնի իրենց հայերին։ Երբ Նիկոլ եպիսկոպոսն այս իմացավ, իսկույն պատարագի զգեստ հագավ, վերցրեց պատարագի հաղորդը իր գլխից բարձր և ելավ, եկավ թագավորին ընդառաջ։ Սրան թագավորը տեսնելով, զարհուրեց տերունական խորհրդից (հաղորդից),