Էջ:Arakel of Tabriz, History.djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես կտամ»։ Նա ըստ իր խոստման եպիսկոպոսին երկու հազար ղուռուշ կանխիկ դրամ տվեց: Երբ եպիսկոսը այն առավ, Լվովից դուրս եկավ, գնաց Մոլդավիա. գնում էր Փիլիպոս կաթողիկոսի մոտ: Լվովի հայ ժողովուրդը այս տեսնելով, թե Նիկոլ եպիսկոպոսը գնաց կաթողիկոսի մոտ, իրենց կողմից իրենք ևս Խաչքո անունով մի մարդ ընտրեցին, որը մեկն էր հայոց դատավորներից, գնալու Փիլիպոս կաթողիկոսի մոտ։ Նրան տվին գրված թղթեր և պատվիրեցին շատ բաներ։ Թե Նիկոլ եպիսկոպոսը և թե Խաչքո դատավորը միմյանցից առանձին գնացին հասան Կոստանդոպոլիս և հանդիպեցին կաթողիկոսին։

Եվ երկար օրեր երկար խոսակցությունից ու գործից հետո, գործի ավարտը այն եղավ, որ Փիլիպոս կաթողիկոսը հրամայեց, որ Նիկոլ եպիսկոպոսը չորս կետով խոսք հանձն առնի և այն իր ստորագրությամբ հաստատի և տա Փիլիպոս կաթողիկոսին։

Նախ՝ Լուսավորչի դավանությունը և նույնի աթոռակալ հայրապետներին դավանելով խոստովանվեն Նիկոլը և իրեն հետևող եկեղեցականներն ու աշխարհականները։

Երկրորդ՝ որ Հայաստանյաց եկեղեցու արարողությունը կատարեն ինքն ու իրեն հետևողները։

Երրորդ՝ որ Նիկոլի վախճանից հետո Նիկոլի տեղը նստողը Էջմիածնի կաթողիկոսից եպիսկոպոս օծվի և նույնի հրամանով նստի նույն վիճակում և նույն կաթողիկոսին հնազանդ ու հետևող լինի։

Չորրորդ՝ որ ինքը Նիկոլը միայն պապի անունը հիշատակի և այն էլ լոկ պատարագին և ոչ որևէ այլ խոսքերում կամ արարողությունների մեջ։ Նաև՝ ջուր չխառնի սուրբ պատարագի բաժակին: Իսկ եկեղեցական ժառանգավորներից և եկեղեցականններից ոչ ոք բնավ պապի անունը չպետք է հիշատակի: Այդպես էլ Նիկոլից հետո նստող եպիսկոպոսը ամենևին չպետք է հիշատակի պապի անունը՝ ոչ խոսքերում ու գործերում, այլ միայն Նիկոլը պետք է հիշատակի և այն էլ պատարագում միայն։

Պապի անունը հիշատակելու համար Նիկոլն ինքը խնդրեց կաթողիկոսից, որպեսզի այդտեղ միայն զիջում անի, քանզի