Էջ:Arakel of Tabriz, History.djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳՈՒԽ ԽԶ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՍԻՐՈՒՆ ԱՆՈՒՆՈՎ ՔՐԻՍՏՈՆՅԱՅԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ

Սիրուն անունով մի մարդ, որ Վասպուրական երկրից էր՝ այժմ Ամուկ237 կոչվող Գնունի գավառից և Ալյուր կոչվող գյուղից, ազգությամբ հայ, հավատով քրիստոնյա և քրիստոնյայի զավակ, ուներ մայր, եղբայր, որոնք նրան մտցրին աշխարհիկ կյանքի մեջ, նրա համար կին բերին: Իր տնտեսական կարիքների համար այս Սիրունը առնչվեց մի այլազգի մահմեդականի, նրանից վարձ էր առնում և ծառայում էր նրան իր աշխատանքով վարձի դիմաց: Գարնան մի օր Սիրունի տերը նրան ուղարկեց Խլաթ, որ իր ընտանիքի համար միրգ բերի։ Նա գնաց, կեռաս գնեց, բարձեց ձիուն և բերեց Վան քաղաքը։ Մինչդեռ Վան քաղաքում ձին քաշում էր պողոտայով, եկան նրա վրա հավաքվեցին մահմեդականների պատանիներ և յուրաքանչյուրը կեռաս էր հափշտակում բեռնից։ Իսկ Սիրունը չէր թողնում, որ հափշտակեն, այլ հալածում էր պատանիներին։ Մահմեդական պատանիներից մեկը վերցրեց մի բռնաքար և խփեց Սիրունին, իսկ Սիրունը վերցրեց քարը և ձգեց քար նետողին. քարը կպավ տղայի գլխին ու վիրավորեց, ուստի պատանին անկողին ընկավ և հիվանդ մնաց երկու ամիս և հետո տղան սատկեց վերքերի պատճառով: Իսկ Սիրունի տերը Սիրունին փախցրեց, որպեսզի գուցե տղան փրկվի մահմեդականների ձեռքից. և Սիրունը գնաց Ալյուր գյուղը՝ իր տունը:

Իսկ Ալյուր գյուղի մահմեդական հարկահանները բռնեցին Սիրունին և կալանավորեցին։ Գյուղի քրիստոնյաները մեծ կաշառք տվին հարկահաններին, որպեսզի Սիրունին թողնեն, բայց նրանք չթողին, այլ սատկած պատանու ընտանիքին իմացրին, իսկ նրանք վրեժխնդիր լինելով մեռածի արյան՝ գնացին փաշայի մոտ, զորականներ առան և ուղարկեցին Սիրունի հետևից։ Սրանք գնացին, Սիրունին բերին Վան քաղաքը փաշայի մոտ։ Իսկ փաշան ուղարկեց դատավորի ու մուֆտիի մոտ և հարցում արեց, թե Մահմեդի օրենքը ինչ է հրամայում այս մարդու համար. մահապարտ