Էջ:Arakel of Tabriz, History.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քշող նշանակեց Խալիֆալու Էլիազ սուլթանին. և սրան հրամայեց շտապ ու շուտափույթ քշել ժողովրդին ու հեռացնել օսմանյան զորքերից և հասցնել Պարսկաստան: Իսկ ինքը շահը պարսից ամբողջ բանակով արքունի ճանապարհով, այսինքն՝ կենտրոնական ճանապարհով ուղի ընկավ, գնաց Թավրիզ։ Սակայն ժողովրդին միևնույն արքունի ճանապարհով չտարան Թավրիզ օսմանցիներից երկյուղ ունենալու պատճառով, որ գուցե հետևներից հասնելով ժողովրդին խլեն պարսիկներից: Շահը Էլիազ սուլթանին հրամայեց, որ նեղ ու անձուկ, դժվարին վայրերով տանի, որով օսմանյան բանակը չկարողանա նրանց հետևից գնալ։ Եվ նա քշելով ժողովրդին ձորի ճանապարհով, որտեղով Արաքս գետը հոսում է իր ընթացքով, լեռների ու ձորերի դժվարին ելևէջներով, կածան տեղերով։ Եվ բազում տառապանքներով ու փորձություններով անցան լեռների դժվարին տեղերը։ Ժողովրդին դժվարին վայրերից անցկացնելով տարան Թարումխալխալ, Ահար, Մուշկուն և սրանց մոտակա վայրերը, ուր տեղավորեցին նրանց ամիսներ ձմռան սաստկասառույց ու դառնաշունչ ցրտերի պատճառով, երբ չէին կարող գնալ։

Իսկ երբ եկավ գարնանային քաղցրաշունչ եղանակը, Արութուրաբ բեկ անունով մի այլ իշխան նշանակեցին ժողովրդին քշող, որ կրկին սկսեց քշել ժողովրդին մինչև տարավ, հասցրեց Սպահան քաղաքը։ Այնտեղ, ովքեր քաղաքացիներ էին, նույն քաղաքում տեղավորելով՝ բնակեցրին, իսկ ովքեր շինականներ ու գյուղացիներ էին, Սպահան քաղաքի շրջակա գավառներում բնակեցրին, այսինքն` Լնջանում, Ալնջանում, Գանգիմանում, Ջղախոռում, Փարիայում և Բուրվարիում. այդ տեղերում բնակվեցին ու մնացին մինչև այսօր։ Քանզի տարիքով մարդիկ, որ Հայաստանից էին գնացել և ծանոթ էին հայ աշխարհի վայելչություններին, սրանք մեռան այնտեղ, իսկ նրանք, որ այնտեղ ծնվեցին, սնվեցին ու վարժվեցին, այդ երկիրը սիրեցին, նրան ընտելացան, քանզի վարժվեցին նրան, այդ պատճառով այնտեղ մնացին մինչև այսօր։

Սպահան տարված հայոց այս ժողովրդից հինգ հարյուր տուն բաժանեցին, տարան Սպահան, հինգ հարյուր տուն բաժանեցին տարան Շիրազի երկրամասը և այնտեղ բնակեցրին: