Էջ:Arakel of Tabriz, History.djvu/497

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1054 (1605) թվին նույն Շահ-Աբասը պատերազմով օսմանցիներից առավ Երևան քաղաքը։ Դարձյալ նույն թվին Ջղալօղլի զորապետը եկավ, եղած բոլոր ջալալիներին հավաքեց, Ղարաբաշին էլ հետը բերեց, տարավ շահի դեմ։ Դարձյալ նույն թվին մեռավ սուլթան Մահմադ խոնդկարը և գահ նստեց սուլթան Ահմադ թագավորը։ Դարձյալ նույն թվին ապստամբվեց Ինջաղան։

1054 (1605) թվին ապստամբվեց Յուլաղստին։ Դարձյալ նույն թվին ապստամբվեց ջանփոլատցի Ալի փաշան, որ Քիլիսի ամիրան էր։ Սա զորեղացավ, գրավեց Հալեպ քաղաքը և այն տիրեց երկու և կես տարի՝ ապստամբվելով թագավորից։ Դարձյալ սույն թվին Ջղալօղլի զորապետը մեծ զորքով եկավ Երևան։ Սա նրա առաջին գալն էր, որ եկավ շահի վրա։ Այս պատճառով նույն Շահ-Աբաս Առաջինը Ատրպատական երկրի բնակիչներին՝ հայ, տաճիկ, հրեա միասին քշեց, տարավ Սպահան. սա մեծ աքսորն էր։ Դարձյալ սույն թվին մինչև Ջղալօղլին ամրացած էր Վանա բերդում, պարսից զորքը պաշարեց այն. նա (Ջղալօղլին) գաղտնի դռնից ելավ, մտավ նավը և փախավ, գնաց Արծկե, այստեղից էլ ընկավ Խնուսի բերդը և ապա գնաց Կարին, իր մոտ հավաքեց իր զորքը։ Իսկ պարսից զորքերը հավաքեցին Ռշտունիքի բնակիչներին և գնացին իրենց երկիրը։

1055 (1606) թվին Ջղալօղլի զորապետը երկրորդ անգամ եկավ Թավրիզ Շահի վրա, պատերազմեցին։ Ջղալօղլին պարտվեց, փախավ. իսկ ղզլբաշները նրա գանձը գրավեցին և տասներկու փաշա իրենց հեծելազորով ջարդեցին։ Այս պատերազմը եղավ հոկտեմբերի 25-ին։ Ինքը՝ Ջղալօղլին գնաց Ամիդ և այնտեղ փետրվարի 6-ին մեռավ։ Սաստիկ սով եղավ Վանում, Կարինում։ Հայրը որդուն կերավ, որդին՝ հորը. ոչ շուն մնաց՝ ոչ կատու, բոլորին կերան։ Այնքան մարդ կոտորվեց սովից, որ թաղելով չվերջացրին, հոր փորեցին և մեջը լցրին։ Դարձյալ նույն թվականին միևնույն Շահ-Աբասը գնաց Գանձակի վրա և օսմանցիներից գրավեց այն։ Դարձյալ նույն թվին սաստիկ սով եղավ Պոլսից մինչև Թավրիզից և Բաղդադից մինչև