Էջ:Arakel of Tabriz, History.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարող տեղ չգտնել այս պատմության մեջ։ Սրանք ինչպես էլ կցեր պատմության շարադրանքին, այդպես պետք է լիներ։ Եվ հետո, պատմության մեջ չկա մի դեպք, որ իրողություն չլինի և չկրի ժամանակի համար էական լինելու պարտադրանքը։ Այս բոլոր իրողությունները Առաքելը պատմում է անուններով, օրերի ու ժամերի ճշտությամբ իբրև իսկապես պատմական եղելություններ։ Սրանք զրույցներ կոչելը ճիշտ չէ, երբ կա ճիշտ տեղը, ժամանակը, իրական անձը հոր ու մոր անուններով, տոհմով ու արհեստով։

Աբեղյանը վրիպում է նաև, երբ գրում է. «Եկեղեցու հարազատ, եկեղեցական ոգով սնված, առանց աշխարհական գաղափարների մասնակցության»8։ Դավրիժեցին Շահ-Աբասի քաղաքականությունն ու սրա նպատակները մերկացնում է միմիայն աշխարհական գաղափարներով, ճիշտ է, նա եկեղեցական ոգով է սնված, բայց խորթ չեն նրան նաև աշխարհիկ գաղափարները։

Մնացած հարցերում Աբեղյանի բոլոր դատողությունները ճիշտ են ու դիպուկ։ Նա շատ խորն է ուսումնասիրել նյութը և նշել է այնպիսի հատկանիշներ, որոնք այդ պատմության բուն էությունն ու նպատակն են։ Ամենից առաջ նշենք նրա կրքոտ ու բոցավառ հայրենասիրությունն ու ազգասիրությունը, որոնց մասին Աբեղյանը գրում է. «Եվ իրավ, Խորենացու հայրենասիրության ոգին անցել է այդ վարդապետին… Խորենացու հայրենասիրությամբ, բայց և առանց Խորենացու ճարտասանության, պարզ ու բնական, Խորենացուց ավելի սրտառուչ է ողբում յուր հայրենիքը, որից ավելի գեղեցիկ չէր կարող ոչ մի իրեն ժամանակակից բանաստեղծ ողբալ»9։ Դավրիժեցու լեզվի հարցում էլ Աբեղյանը միանգամայն ճիշտ տեսակետ է արտահայտում։ Նա գրում է. «Ինչպես երևում է, այդ դպրոցը [Էջմիածնի] կարողացել է կարճ միջոցում բավական ուսում տալ իր աշակերտներին, թեպետև դրա բարի ոչ կատարյալ ուսումը, հին գրաբարի, բայց և այնպես գրեթե անսխալ, պարզ շարադրություն կարողացել է և, որ գլխավորն է, իբրև Սիմեոն Ջուղայեցու քերականության աշակերտ, լատինացած լեզվին ենթարկվելու տեղը, ավելի հետևել է ժողովրդական պարզ շարադրությանը, կենդանի ժողովրդական ձևերին ու դարձվածներին, չխորշելով, ճշտության ու պարզության համար, նույնիսկ գավառական ու թուրքերեն բառերից, որ և ոչ թե պատմագրի պակասություն, այլ առավելություն պետք է համարել, զի ամեն պատմություն կամ զրույցների ժողովածու, ինչպես է Առաքելի պատմությունը, յուր կենդանությունը, գույնն ու երանգը ստանում է միայն ժամանակի կենդանի լեզվով պատմվելով։ Առաքել պատմագիրը, անշուշտ, ոչ շատ անգամ հասկանալով, գեղեցիկ գործադրել է մանավանդ ուրիշների խոսքերը մեջ բերելիս, չխորշելով նույնիսկ զուտ աշխարհաբարից»10։ Հետաքրքրական կլինի իմանալ Լեոյի կարծիքր, որ պատմաբան լինելով` 17-րդ դարի հայոց պատմությունը շարադրել է մեծ մասամբ հիմք ընդունելով Դավրիժեցու սույն աշխատությունը.

___________

8 Նույն տեղում, էջ 515

9. Նույն տեղում, էջ 519

10. Նույն տեղում, էջ 514

8