Էջ:Arakel of Tabriz, History.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Ահա անցան շատ օրեր. ի՞նչ կերպով պատրվակներ հերյուրենք, որ այդ պատճառով զորաժողով անենք, գնանք վրաց ազգի վրա»։

Իսկ գավառապետը ըստ ամենայնի կամենում էր վրեժ առնել Լավասափից, որը ստորության և քրոջը անվանարկելու համար էր. այդ պատճառով էլ իսկապես եկել էր. ըստ այդ ուղղության ու կերպի խոսեց՝ հրահրելով Շահ-Աբասին՝ ասաց. «Լավասափն ունի մի թագավորազն քույր». սա նորահաս կույս է չքնաղագեղ ու գեղատես և ամեն որպիսությամբ վայելուչ, որ արժան է ոչ ոքի, բայց միայն իմ տեր արքային։ Արդ խնդրիր նրան քեզ կին. կույսի գալուց հետո մորն էլ պահանջիր կույսի համար։ Երբ մայրը գա, մորն էլ կպահես այստեղ կույսի պատճառով։ Նրանցով դյուրին է Լավասափին ի կորուստ որսալ։ Արդ՝ եթե այս խորհուրդը իրականանա, լավ է, որովհետև դյուրին է ու հեշտ. իսկ եթե չլսեն և աղջիկը քեզ չտան, այն ժամանակ նրանց չտալը կլինի քեզ պատրվակ նրանց վրա հարձակվելու համար»։

Իսկ սատանայի անսայթաք կամարարը՝ երկրորդ Սարյուռոս այս Շահ-Աբասը գավառապետից այսպիսի խորհուրդ լսելուց հետո սիրո ու ողջույնի նամակ գրեց Լավասափին և սրա մորը Լավասափի քրոջ մասին մի նամակ, որ վրան ուներ կենաց խոսքը, բայց տականց լրիվ մահու հրավեր էր։ Եվ նամակի խոսքի էությունը այս ձևով էր. «Կամենում ենք ճշմարտությամբ, որ հաստատուն ու անխախտ լինի մեր ու ձեր թագավորությունը սեր ու միաբանություն (լինի) երկու ազգերիս՝ պարսից և վրաց. իսկ մենք բոլոր իշխանների և այդ կողմերի երկրների վերահսկողությունը կհանձնենք ձեզ, որպեսզի դուք հոգաք և վարեք հյուսիսային այդ կողմերի թագավորական իշխանությունը, իսկ մենք այլ կողմերի (իշխանությունը) հոգ տանենք։ Եվ սրան՝ այս միաբանության նշան ու պատճառ լինի այն, որ ձեր օրիորդ դուստրը բերեք մեզ մոտ։ Նախ որ նա կլինի այս գործի ավարտը և կդառնա նշան և շաղկապ երկու ազգերիս միության, երկրորդ՝ (լինի) դշխո ու թագուհի ամբողջ արյաց ազգին»։

Արդ՝ այս օրինակով գրված թուղթը ուղարկեց վրաց երկիրը՝ Թիֆլիս քաղաքը Լավասափին ու սրա մորը։

Երբ նամակը կարդացին, հասկացան, որ նամակի ամբողջ