Էջ:Armenia Encyclopedia.djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար։ Աշխատողներն ունեն իրենց աշխատանքային իրավունքը պաշտպանելու անհատ., կոլեկտիվ, ընդհուպ մինչև գործադուլ հայտարարելու իրավունք։

Աշխատանքային իրավունքի հարցերը հանրապետությունում կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով (2004)։ ՀՀ-ն, իր ներքին օրենսդրությունից բացի, վավերացրել է նաև մի շարք միջազգային իրավ. փաստաթղթեր՝ աշխատողների իրավունքների վերաբերյալ։ Այդ առումով կարևոր դեր ունի նաև ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը (հիմն.՝ 2005), որի հիմն. գործառույթը գործատուների՝ ՀՀ աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավ. ակտերի պահպանման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության իրականացումն է։

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Զբաղվածությունը հանրապետությունում կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ (1995), ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով (1998), ՀՀ Աշխատանքային օրենսգրքով (2004), «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով (2005), միջազգային պայմանագրերով և օրենսդրական այլ ակտերով։

ՀՀ անկախացումից հետո էականորեն փոխվել է զբաղվածության կառուցվածքը տնտեսության գլխավոր ճյուղերում, արդ-յան և շին-յան մեջ զբաղվածությունը նվազել է շուրջ 2,5 անգամ. 41,6 %-ից (1990) հասել է 15,4 %-ի (2005), հետագայում՝ 10,6 %-ի (2009)։ Զբաղվածների տեսակարար կշիռն աճել է գյուղատնտեսության (այդ թվում՝ անտառտնտեսության և ձկնաբուծության) մեջ՝ 17,7 %-ից (1990) հասնելով մինչև 46,2 %-ի (2005)։

Ըստ ԱՎԾ գնահատման՝ 2009-ին երկրում զբաղված է եղել 1,15 մլն մարդ (տնտեսապես ակտիվ բնակչության 81,3 %-ը)։ Զբաղվածների 96,6 %-ն ունեցել է մեկ աշխատանք, 3,4 %-ը՝ մեկից ավելի։ Աշխատատեղերի քանակը կամ ընդհանուր զբաղվածությունը գնահատվել է մոտ 1,19 մլն։

Մասնավոր կազմակերպություններն ապահովել են զբաղվածության 70,7 %-ը, պետական կազմակերպությունները՝ 25,7 %, մնացածը՝ ՏԻՄ-երը, ՀԿ-ները և մասնավոր գործատուները։

Վարձու աշխատողների աշխատատեղերը կազմել են զբաղվածության ավելի քան կեսը՝ 55,3 %, ինքնազբաղվածներինը՝ 26,3 %, ընտանիքի չվարձատրվող անդամները՝ 17,8 %, գործատուները՝ 0,4 %։

Աշխատատեղերի մեծամասնությունն ստեղծվել է ֆորմալ հատվածի կազմակերպություններում՝ 52,4 %, ոչ ֆորմալ (ստվերային) կազմակերպություններում՝ 37,8 %, տնային տնտեսություններում՝ 9,8 %։

2009-ին զբաղվածության 52,1 %-ը (621.700 աշխատատեղ) գնահատվել է որպես ոչ ֆորմալ, որը կանանց շրջանում փոքր-ինչ ավելի է եղել, քան տղամարդկանցը՝ կազմելով համապատասխանաբար՝ 53,4 % և 51,0 %։

Ոչ ֆորմալ զբաղվածությունը գերակշռել է առավելապես գյուղ. բնակավայրերում և կազմել 82,1 %։ Քաղաքներում աշխատատեղերի միայն քառորդ մասն է եղել ոչ ֆորմալ (24,5 %)։

2005-09-ին գյուղատնտեսական ոլորտի զբաղվածությունը փոքր-ինչ նվազել է՝ կազմելով 45,2 %, շարունակ. նվազման միտում ունի նաև արդ-յան ոլորտի զբաղվածությունը՝ 10,6 %, իսկ ծառայությունների մատուցման ոլորտում նկատվում է զբաղվածության աճի միտում 39,3 % (2009)։

Զբաղված է 16-24 տարեկանների 10,47 %-ը, 25-34 տարեկանների՝ 20,03 %-ը, 35-54 տարեկանների՝ 49,36 %-ը, 55-64 տարեկանների՝ 14,27 %-ը, 65-ից բարձր տարիք ունեցողների՝ 5,86 %-ը (2008)։