Էջ:Armenia Encyclopedia.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(բուսակեր կրիայիկները, վառ զոլավոր գրաֆոսոմները, տրիգոնոսոմները, չոր փշեր հիշեցնող ֆիլոմորֆները, գունավոր խոշոր գիշատիչ ռեդավիրուսները)։ Շատ հարուստ է բզեզների ֆաունան, հատկապես՝ գիշատիչ ցիցինդելներ, բրոսկուս, սկարիտ, խոշոր, անթև կալիստենես ցեղերի տեսակները, սապրոֆագներից շատ են գոմաղբում զարգացող սկարաբեյները, կոպրերը և այլ տեսակներ։ Բազմաթիվ են բուսակեր (վառ գլաֆիրուսներ, հացաբզեզներ, ոսկեբզեզներ, երկարակնճիթ կլիոններ և այլն), ինչպես նաև մակաբույծ թարախահաններ, կլերիդներ, Շելկովնիկովի արաֆիպտերուս բզեզները։ Հանդիպում են ցանցաթև նեմոպտերան և լերտան, ասկալաֆուսները, խոշոր մրջնառյուծ-պալպարիսները։

Թիթեռներից բնորոշ են խոշոր առագաստաթիթեռները, սադափաթիթեռները, ճերմակաթիթեռները, գիշերային թիթեռներից՝ սատիրներն ու սֆինքսները (իշակաթնուկի և պատատուկի), բվիկները, արջաթիթեռներից՝ վառ արկտիա Հերա տեսակը, բույսերի վնասատու օկնոգինան, խոշոր կարմրասև ակսիոպենան։ Բազմաթիվ են ձիաստացները, կրետ-որսորդները, մենակյաց մեղուների մակաբույծ՝ խրիզիդիդ տեսակները։ Բազմազան են մրջյունները (մեսսոր, կատագլիֆիս ևն) և մուտիլիդները։ Երկթևներից տարածված են ճանճերի առանձին տեսակներ. հանդիպում են բոմբիլիդ ընտանիքի մակաբույծ ճանճերը (անաստեխուս, տոքսոֆորա), հեմիպենդես ցեղերի տեսակները), գիշաճանճերից՝ խոշոր շիկադեղին լաֆրիան, մոխրագույն հայկ․ կտենոտան, պալեարկտիկայի ամենախոշոր երկթև միջատը՝ հսկա գիշաճանճ սատանասը։ Մյուս անողնաշարներից հանդիպում է խայտաբղետ կարիճը, հազվադեպ՝ խիստ թունավոր սև կարիճը։ Բազմաթիվ են մորմերը՝ սև ռագոդեսները, խոշոր գալեոդները, փոքր կարշիաները։ Սովորական են սարդերը, հատկապես՝ ամենախոշորները։ Ցածրադիր վայրերում փափկամարմիններից բնորոշ են Էշերի (Levantina esheriana) և Դերբենտի (Xeropicta derbentina), սրաբերան (Xerosecta crenimargo) խխունջները։

Մեղրու տարածքի ֆրիգանային բնորոշ են ձողամիջատները (գրատիդիաներ), ՀՀ-ում միայն այստեղ են հանդիպում տերմիտների գաղութներ։ Աղոթարարներից տարածված է կարճաթև բոլիվարիան, այգիներում՝ կանաչ խիրոֆրեան։ Բազմաթիվ են սագա ծղրիդները, հազվադեպ՝ երկարաոտ ֆիտոդրիմադուզան, շալան, Շելկովնիկովի կանաչ ծղրիդը, բազմազան ու բազմաթիվ են մորեխները։ Բզեզներից բնորոշ են ասիական ցիցինդելը և գերմանական փոքր ցիցինդելը, գնայուկ բզեզներ ացինոպուսները, խոշոր սկարաբեյները և գիմնոպլևրները, պոտոզիաները, ոսկեբզեզներից՝ մեծ թվով սֆենոպտերաները, նշենու բզեզը։ Հանդիպում են մեծ պտղակեր բեղիկավորը, վառ կապտականաչ խրիզոխարիսը։ Բավական տարածված են երկարակնճիթները, սևաբզեզները, կլերիդները և թարախահանները։ Թաղանթաթևներից հայտնի են արլ. ձիաստացները, սկոլիաները ևն։ Ցերեկային թիթեռներից կան սատիրներ, զիգեններ և ճերմակաթիթեռներ։ Քարերի տակ հանդիպում է խայտաբղետ կարիճը։

Այս գոտու անողնաշարների ֆաունան հարուստ է բնաշխարհիկ տեսակներով, մասնավորապես՝ հայկ. ֆիտոդրիմադուզա (Phytodrymadusa armeniaca) ծղրիդը, Nocarodes armenus մորեխը, Dictyla subdola, Geotomus punctulatus փայտոջիլները, Glaphyrus superbus, Amphicoma eichleri, Cantharis araxicola, Acmaeodera obscura, Sphenoptera tschitscherini բզեզները, Tomomyza araxana, Bombilius schelkovnikovi երկթևները, Shadinia akramowskii, Gabiella araxena, Pupilla bipapulata, Orculella ruderalis փափկամարմինները, Zodarion petrobium սարդը ևն։

Կիսաանապատային գոտում հանդիպող սողուններից են Ռադդեի ժայռային