Էջ:Armenia Encyclopedia.djvu/815

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ունեցող կոյուղատար խողովակների միջոցով կեղտաջրերը հեռացնում են առանց մաքրման և համապատասխան թույլտվությունների։

Մինչև 2020-ը նախատեսվում է «Աերացիա» կայանում վերագործարկել նաև կեղտաջրերի մաքրման կենսբ. փուլը։

Երևանի ներկայիս 33 ջրավազաններից առավել կարևոր նշանակություն ունի Երևանյան լիճը, որը շահագործման է հանձնվել 1967-ին։ Ավելի քան 40 տարվա ընթացքում լիճը հիմնովին չի մաքրվել։ Գետերով այնտեղ է լցվում հսկայական քանակությամբ կենցաղային և շին. աղբ, բերվածքների և թափոնների կուտակման հետևանքով ջրամբարի օգտակար ծավալը գրեթե կիսով չափ նվազել է։

Քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված կանաչապատման աշխատանքների ծրագրերում իրականացվելու են նաև Երևանյան լճի և Հրազդանի կիրճի բարեկարգման ու կանաչ զանգվածի վերականգնման աշխատանքներ, որոնց արդյունքում կստեղծվեն նաև Երևանյան լիճը ռեկրեացիոն նպատակներով օգտագործելու պայմաններ։

Տես նաև Բնապահպանություն։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

1832-ին Երևանում բացվել է գավառ․ դպրոց, որտեղ Խաչատուր Աբովյանն աշխատել է որպես տեսուչ և ուսուցիչ։ Այնուհետև բացվել են հոգևոր թեմ. դպրոցը (1837), Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը (1850, 1884-ից՝ իգական պրոգիմնազիա, 1898-ից՝ գիմնազիա), իգական ուսումնարանը (1850), Նորքի ծխական դպրոցը (1860), Գայանյան օրիորդաց ուսումնարանը (1866, 1879-ից՝ միջնակարգ դպրոց), ուսուցչական սեմինարիան (1881), իգական 3-րդ դպրոցը (1906, հետագայում՝ Ալեքսանդրովյան № 2 իգական գիմնազիա) և այլն։

Երևանում դպրոց․ ցանցի աննախադեպ զարգացումն սկսվել է 1920-ական թթ-ից։ Խորհրդային առաջին տարիներին գործել են դպրոցի 2 հիմն․ տիպեր՝ տարրական և 7-ամյա։ 1940-ին Երևանում կային 45 հանրակրթական դպրոցներ։ 1966-ից անցում է կատարվել ընդհանուր միջնակարգ պարտադիր կրթության։ 1986-87-ին Երևանում գործել են 308 նախադպրոց․ հաստատություններ, 216 հանրակրթական դպրոցներ, 34 պրոֆտեխ. ուսումնարաններ, 24 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ, 11 բուհ։

1990-ական թթ-ի սկզբից, հանրապետությունում ազգային դպրոցի զարգացման հայեցակարգի ընդունումով, ամրագրվել է դպրոցահասակ բոլոր երեխաների՝ պետական հանրակրթական դպրոցներում անվճար ընդհանուր միջնակարգ կրթություն ստանալու իրավունքը։ Համաձայն հանրակրթական պետական կրթակարգի՝ 2006-07 ուսումնական տարվանից ՀՀ-ում անցել են 12-ամյա ընդհանուր միջնակարգ կրթության՝ եռաստիճան համակարգով. տարրական դպրոց՝ I-IV, միջին դպրոց՝ V-IX (միասին՝ հիմնական), ավագ դպրոց՝ X-XII դասարան։ Երևանում գործում են 263 հանրակրթական ուսումնական հաստատություններ, որոնցից 220-ը՝ պետական (169-ը՝ Երևանի քաղաքապետարանի, 51-ը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության), իսկ 43-ը՝ ոչ պետական, այդ թվում՝ 148 պետական և 30 ոչ պետական միջնակարգ (1-12-րդ դասարաններ), 14 պետական և 4 ոչ պետական ավագ (10-12-րդ դասարաններ), 51 պետական և 2 ոչ պետական հիմնական (1-9-րդ դասարաններ), 7 պետական և 3 ոչ պետական վարժարան (5-12-րդ դասարաններ) և 4 ոչ պետական տարրական (1-4-րդ դասարաններ)։ Երևանում կա նաև 13 հատուկ (խոսքի, լսողության, տեսողության խանգարում ունեցող, մտավոր թերզարգացած երեխաների համար) դպրոց։

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում են 161 նախակրթական ուսումնական հաստատություններ։

Վերջին տասնամյակում ՀՀ-ում վերականգնվել է նախնական (արհեստագործ.) և միջին մասնագիտական կրթական ցանցը.