Էջ:Armenia Encyclopedia.djvu/960

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարբ-ը, «Հույս» (1966-ից, հայերեն, անգլ., բոլորն էլ՝ Մելբուռն) ամսագիրը և այլն։

Ներկայումս լույս են տեսնում նաև ՀՅԴ-ի պաշտոն. «Արմենիա» (1975-ից, մինչև 1979-ը՝ «Հայ դատ», հայերեն, անգլ.) շաբաթաթերթը, ՀԲԸՄ-ի պաշտոն. «Միություն» (1987-ից, հայերեն, անգլ.) քաղաքական, մշակութային ամսաթերթը, ՍԴՀԿ-ի «Զանգ» (1995-ից, հայերեն, անգլ.) հաս-քաղ, տեղեկատվ. երկամսյա պաշտոնաթերթը, «Գարուն» (1995-ից, արևելահայերեն) մշակութ. ամսաթերթը (բոլորն էլ՝ Սիդնեյ)։

ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի ժուռնալիստների միության (նախագահ՝ Աստղիկ Գևորգյան) ու Լրագրողների համահայկական ընկերակցության (նախագահ՝ Տիգրան Հարությունյան) համատեղ ջանքերով 2003-ից պարբերաբար կազմակերպվում են լրագրողների համահայկական համաժողովներ (5-րդը՝ Ստեփանակերտում 2010-ին՝ «21-րդ դարի մարտահրավերները, տեղեկատվական անվտանգությունը և հայ լրատվությունը», 6-րդը՝ Երևանում 2012-ին՝ «Հայ լրագրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» խորագրերով), որոնք մեծապես նպաստում են ՀՀ-ի և Սփյուռքի լրատվամիջոցների համագործակցության առավել ամրապնդմանը, կարևորագույն թեմաների (Հայկական հարց, Արցախյան հիմնախնդիր, Սփյուռքում ազգային ինքնության պահպանման հարցեր և այլն) համապարփակ ներկայացմանը։ Սահմանվել է «Լավագույն հայկական լրատվամիջոց» մրց-ը։

2010-11-ին Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում և Լիբանանում տեղի են ունեցել հայ լրագրողների տարածաշրջ. հավաք-հանդիպումներ, ստեղծվել են հայկական լրատվամիջոցների տարածաշրջ. համակարգող մարմիններ՝ ՀՀ Սփյուռքի նախարարության «Հայկական աշխարհ» համահայկական նախագիծն իրականացնելու համար։

2011-ից ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ-ում (դեկան՝ Նաղաշ Մարտիրոսյան) կազմակերպվում են Երիտասարդ լրագրողների վերապատրաստման դասընթացներ, պետպատվերի շրջանակներում Սփյուռքի լրատվամիջոցների համար պատրաստվում են երիտասարդ լրագրողներ։ 2012-ից Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և ֆակ-ի անմիջական մասնակցությամբ ստեղծվել է «Սփյուռքի ամառային համալսարան»՝ երիտասարդ լրագրողների, երիտասարդ առաջնորդների, ուսուցիչների վերապատրաստման, մշակույթի և մայրենիի արագացված ուսուցման ֆակ-ներով։

Գրկ. Տեր-Հարությունյան Ն., Հայոց մամուլը Ռուսաստանում եւ Կովկասի մէջ, Թիֆլիս, 1878։ Գալեմքյարյան Գ., Պատմութիւն հայ լրագրութեան ի սկզբանէ մինչեւ մեր ժամանակը, հ.1, Վիեննա, 1893։ Արշարունի Ա., Մոսկվայի հայ մամուլը, Ե., 1971։ Բաբլոյան Մ., Հայ պարբերական մամուլը, մատենագիտական համահավաք ցուցակ (1794-1980), Ե., 1986։ Հայրապետյան Ն., Մատենագիտություն նորանուն հայկական պարբերական մամուլի (1987-1996), Ե., 1999։ Հայ Սփյուռք հանրագիտարան, Ե., 2003։ Յազըճյան Գ., Լիբանանահայ պարբերական մամուլը 2002 թուականին, Ե., 2004։

Սուրեն Սարգսյան