Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արևելյան մասը շատ վաղ ժամանակ փլել է, սակայն ծածկույթը երկար ժամանակ մնացել է անվնաս:

Որմնակամարների տակի աստիճանը ծակել են և այնտեղ ձի են կապել, ինչպես արել են Անիում մայր եկեղեցիի և այլ հուշարձանների մեջ: Բայց թեև մեզնից շատ ժամանակ առաջ, նախկին փլուզումից երկար տարիներ հետո առաստաղը ևս փուլ գալուն ապացույց ոչ միայն ներքևի աստիճանին վրա ձի կապելու համար բացված ծակը, այլև փլատակների մեջ գտնված երկաթյա նետի ծայրը և ուրիշ մի հին առարկա: Փլատակների մեջ գտնված երկու գանգերը ես համարում եմ վերջին ժամանակների ոճիր, որովհետև թե՛ բեկորների վերին շերտին մեջ թաղված էին և թե՛ բացի գանգից ուրիշ ոսկորներ չգտնվեցին:

Այժմ անհրաժեշտ է գտնված շենքի ճարտարապետական արժեքի մասին խոսել: Շենքը բնավ կրոնական հատկանիշ չունի, բայց նկատի ունենալով, որ ամբողջ ձորը վանական վարչության իրավասության տակ էր, բնականաբար այս մեծ սրահը ևս կրոնական իշխանության ներքո աշխարհիկ շենք էր՝ ինչպես Հոռոմոսի վանքի մատենադարանը, որը չափազանց մեծ նմանություն է բերում այս նորագյուտ շենքին, նաև նմանները կան Հաղպատում, Սանահնում և ուրիշ տեղեր: Բայց այս աստիճան խնամքով շինված շինությունը, Հոռոմոսի վանքից հետո, միայն այս քարափոր սրահն է: Անշուշտ որոշ նպատակի համար փորված է այս սրահը. թե ինչի՞ համար, առայժմ հարցական է, սակայն մի բան պարզ է, որ այո քարափորը սովորական շենքերից բարձր կանգնած և բարձրագույն մի նպատակի համար շինված է, լինի մատենադարան, ժողովասրահ և կամ հին առումով մի տաճար (սրահ), ուր կկատարվեին մեծամեծ խրախճանություններ իշխանների կամ վանահայրերի հովանավորության տակ։ Ինչպես երևում է մաքրված մասի մեջ վերին աստիճան խնամք տարված է շինության, ոչ միայն ժայռի մեջ փորագրված են աղեղներ, որմնակամարներ, խորշեր, այլ նաև ճոխազարդվեր են ժամանակակից ոճի ստալակտիտներով։ (Տես նկ. 259—262)։

Շինության ժամանակ զարմանալի կերպով մաքուր հղկված են բոլոր որմնակամարները, խորշերը, որմնասյուները և վերջապես ամբողջ քարայրը առաստաղով և հատակով: Վանքին կից կան ուրիշ քարափորներ, որոնք իսկապես մեծ զարմանք են պատճառում տեսնող արվեստագետին և շատ իրավամբ ճարտարապետական