պարիսպից դուրս։ Բաղնիքների ձևերը հիշեցնում են արևելյան ձևերը, յուրաքանչյուր բաժանումները գմբեթավորված և տաք ու պաղ ջրերի խողովակները դեռ մնում են ամեն մի գուռի առջև։ Այդ ուղղությամբ դեռ չեն քննված նախքան Անին գոյություն ունեցող հայկական հին քաղաքները, ինչպես Մրեն, Բագարան, Արգինա և Երազգավորս, որոնց մեջ անհնար է որ չգտնվին հասարակաց առողջության օգտակար այս կարևոր հիմնարկությունները։ Հայոց վանքերը, բացի իրենց կրոնական և կրթական նպատակներից, ծառայել են նաև իբր ասպնջականոց կամ իջևան ճանապարհորդ կարավանների համար, սակայն անկախ վանքերից, Շիրակում շինված են մեծամեծ իջևաններ, որոնց ավերակները հիացում են պատճառում հանդիսատեսին։ Թալինի և Թալիշի մոտերը կան այնպիսի հսկայական իջևաններ, որոնց մեջ կարող էին պատսպարվել հարյուրավոր մարդիկ և հարյուրավոր անասուններ, սայլեր և այլն և այլն։ Այս իջևանները ևս շինված են այնպիսի խնամքով և սրբատաշ քարերով ինչպես շինված են արքայական իշխանական պալատներ։
Հայ հասարակության քաղաքակրթության և աշխարհաշինական աշխատանքներից կարելի է հարյուրավոր օրինակներ բերել և եթե նրանց ժամանակի պահանջն է եղել տեղ տեղ կրոնական շենքեր հիմնելը, այնուամենայնիվ այնպիսի մեծ և բազմածախս հասարակական աշխատանքներ և շինարարություններ են կատարել նրանք, որ յուրաքանչյուրը 10-նյակ եկեղեցիների արժեքն ունի։
Մենակ Թալինի իջևանի ծախքով կարելի էր չորս հատ եկեղեցի շինել։ Եթե Թալինում 7-րդ դարուն կանգներ են հսկայական գեղարվեստական կրոնական 2-3 կոթողներ, նրա հետ միաժամանակ շինել են ճանապարհներ, իջևանատներ, տնկել են անտառներ, փորել են ոռոգման առուներ և այլն և այլն։ Այս բուռն թափով շինարարությունը Հայաստանում մինչև 14-րդ դարը առաջ է գնացել, որ ոչ միայն դարե ի դար վերածնություններով և ձևափոխություններով արտահայտվել է երկրի մեջ, այլ նաև հայ-շինարարական արվեստը և ոճերի ազդեցությունները գնացել են մոտավոր և հեռավոր երկիրներ։
Չկա մի երկիր, Հայաստանը շրջապատող երկրների մեջ, ուր պատմական ավանդությունները չհաստատեն հայ մասնագետների− բժիշկների, նկարիչների, ճարտարապետների գոյությունը։ Մասնավորապես ճարտարապետներն իրենց երկրի սեփական ոճով շինել են շենքեր Եգիպտոսում, Պաղեստինում, Փոքր Ասիայի զանազան մասերում և իրենց անունները փորագրել են իրենց կանգնած շենքերի վրա։ Ճարտարապետության հռչակավոր պատմաբան փիլիսոփա A. Choisy ցույց է տված մի գիտական քարտեսի միջոցավ այն հոսանքները, որ հայոց շինարարական արվեստը տարածվեր է Եվրոպայի զանազան մասերուն վրա։ Հոսանքներից մին և ամենեն բնորոշը անցնելով Դոնի և Վոլգայի ափերով, իրենց հետքերը Ռուսաստանում թողնելե հետո, հասել են Սկանդինավիա, հետո Իռլանդիա և այնտեղից դեպի հյուս․ արևմտյան Եվրոպա։ Մի ուրիշ հոսանք Սև ծովի ափերով անցնելով Եվրոպա և Դանուբի եզերքները, հայ-ճարտարապետական գաղթավայրի մը վերածելով, հասեր է նույնպես հյուսիս արևմտյան Ֆրանսիա և մեծ օժանդակ է հանդիսացեր ռոմանական ոճի կազմակերպման 11-րդ դարու սկզբներին։ Պակաս դեր չէ ունեցեր նաև գոթական ճյուղի կազմության մեջ 13-րդ դարում։ Նաև Ogive անվանված չնաշխարհիկ ոճին ամենահին օրինակներն եվրոպացի գիտնականներ Հայաստանումն են գտնում։ Նույն հեղինակը (Choisy) նույնպես ցույց է տալիս քարագործության արվեստի հետ միասին ուրիշ հայկական արվեստների ուղիղ ազդեցությունների փոխադրությունը թաթարների արշավանքների միջոցով մինչև Նիկոմեդիա (Մարմարա ծովի եզերքը)։
Եվրոպական հայագիտական մատենադարանը հարստացավ հայոց ճարտարապետության մասին ուսումնասիրական մի նոր հատորով։ Գիրքը մեծադիր և շքեղ հրատարակություն է գեղատիպ պատկերներով։
Գրքի անունն է «E’ludes sur l’art mediéval en Georgie et en Arménie» «Ուսումնասիրություն միջնադարյան վրացական և հայկական արվեստի»։
Հեղինակն է Սորբոնի համալսարանավարտ Jurgis Baltrušaltis− Ժյուռժիս Բալդրուշայտիս երիտասարդ գիտնականը։ Տպված է Փարիզ 1929 թ.։
Այս գիրքը միջնադարյան Հայաստանի արվեստագետ աշխատավորության պատիվն ու պարծանքն է, որ ոչ միայն գիտցել են, հին դարերի մեջ, իրենց շրջապատում զարգացող արվեստներից օգտվել, այլ և գիտցեր են այդ ուրիշներից փոխառյալ արվեստները յուրացնել, զարգացնել և կատարելագործել, այսօրվա եվրոպական գիտնականների ուշադրությունը իրենց թողած հուշարձանների վրա բևեռելու չափ։
- ↑ Այս հոդվածը մի գրախոսական է, որ ցարդ անտիպ է մնացել։ Կազմող