Էջ:Armenian folk riddles (Հայ ժողովրդական հանելուկներ).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Հայ ժողովրդական հանելուկներ

Այդպես և ուրիշ դեպքերում:

Ժողովածուի մեջ հանելուկները դասակարգված են հետևյալ ձևով, վերևում գլխատառերով դրված է լուծման առարկան, տակը այդ առարկային վերաբերող բոլոր հանելուկներն իրենց տարբերակներով: Յուրաքանչյուր հանելուկի կամ տարբերակի տակ մանրատառերով դրված են դրանց տարածման վայրերը (եթե հայտնի են): Բոլոր հանելուկները համարակալված են աճող թվանշաններով, իսկ տարբերակները' հայկական այբուբենի թվական արժեքներով (ա, բ, գ, դ և այլն): Յուրաքանչյուր նոր հանելուկ, կամ նոր որակ ներկայացնող տարբերակ տպագրված է ուղղատաոով: Հանելուկները թողնվել են նույնությամբ, ինչպես եղել են բանահավաքների գրառումներում: Լեզվաբարբառային շեղումները, որ հաճախ են հանդիպում դրանց մեջ, որոշ նկատառումներով չեն ուղղվել: Ուղղվել կամ ճշգրտվել են բացահայտ վրիպակներն ու աղճատումները: Օտար, բարբառային և անհասկանալի բառերի բացատրությունը, ըստ հնարավորին, տրված է տեղն ու տեղը, բացատրվող բառի կողքին փակագծերի մեջ և միշտ տվյալ առումով, իսկ առանձին դեպքերում' տողատակերին կամ ծանոթագրությունների մեջ:

Հանելուկների և նրանց տարբերակների ընտրությունը կատարելիս և դասակարգելիս բազմաթիվ կրկնակներ ունեցող հանելուկներից ընտրել ենք մեկը, մեր կարծիքով ամենակատարյալը, իսկ մնացածների համար նշել ենք միայն աղբյուրներն ու տարածման վայրերը: Եթե եղել են սոսկ բառերի կամ արտահայտությունների կարևոր տարբերություններ, ապա դրանք ներառվել են հանելուկներում իրենց համարժեք բառերի և արտահայտությունների կողքին, անկյունավոր փակագծերի մեջ յուրաքանչյուր դեպքում դրանց առաջը դնելով վ. ( = վարիանտ) տառը:

Միևնույն առարկայի մասին ասվող, մեկից ավելի (երբեմն մի քանի տասնյակի հասնող) հանելուկները կամ նրանց փոփոխակները դասակարգելիս ամենուր առաջնորդվել ենք նյութի թելադրանքով: Ըստ այդմ ամենից առաջ նկատի ենք ունեցել հանելուկի հնությունը վկայող հատկանիշները (պատկերավորման նախնական ձևեր ու եղանակներ, հնօրյա հավատալիքների տարրեր և այլն), պարզությունն ու ամբողջականությունը և ապա գեղարվեստական կատարելությունը: Տարբերակների դասակարգման ժամանակ հաշվի ենք առել հանելուկի զարգացումը պարզ և անմիջական ձևից, դեպի բարդն ու կատարյալը, բարդից էլ դեպի աղճատումն ու քայքայումը: Բոլոր դեպքերում ջանացել ենք տալ հանելուկների դասակարգման մի այնպիսի համակարգ, որի մեջ արտացոլվի ժողովրդի փոխաբերական պատկերացումների զարգացման ու փոփոխման տրամաբանական բնաշրջությունը, ամբողջանա յուրաքանչյուր առարկայի մասին եղած հանելուկային պատկերացումների ողջ համակարգը:

Հատորի բաղկացուցիչ երկրորդ մասն է կազմում «Աղբյուրներ և ծանոթագրություններ» բաժինը: Այստեղ յուրաքանչյուր համարի տակ' համառոտագրությամբ դրված է հանելուկի աղբյուրը'աղբյուրների ամեն մի տեղագրական փունջ անջատված է մյուսից ուղղահայաց գծիկով), ապա եթե տվյալ հանելուկն ասվում է նաև ուրիշ առարկաների վերաբերյալ, հիշատակված են այդ առարկաներն իրենց համարներով: Հանելուկներում եղած մութ ու անհասկանալի իրադրությունները, մեկնաբանության կարիք ունեցող արտահայտությունները բացատրված են ծանոթագրությունների մեջ: Ծանոթագրությունների մեջ են ներառված նաև այնպիսի ստեղծագործություններ, որոնք կամ աղճատված են, կամ անհատական-գրական մշակման ենթարկված և կամ էլ որևէ պատճառով նպատակահարմար չեն համարվել տեղադրվելու բուն տեքստում: