(XVIIIդ. սկիզբ), Մելիք Շահնազարյանների մի ուրիշ ճյուղը՝ Ոսկանապատում, Մելիք-Առստամը՝ Բարսում գյուղում, Մելիք-Մովսեսը՝ Խաչակապում, Մելիք-Մնացականը՝ Գետաշենում (XVIII դ.)423։
Ծարում ուշագրավ և հազվագյուտ նմուշ է նաև 1658թ. ոմն Ավանեսի կառուցած հազարաշեն տունը, որի չորս սյուները սովորական գերանների փոխարեն քարից են 424։
Արցախի աշխարհագրական կտրտված դիրքը բազմաթիվ հորդահոս գետերի առկայությունը, ինչպես նաև տնտեսական կյանքի ու առևտրի մասնակի աշխուժացումը նպաստավոր պայմաններ են ստեղծում կամրջաշինության համար։
Միջնադարյան տասնյակ միաթռիչք և բազմաթռիչք կամուրջներ են մնացել Արաքս, Թարթառ, Խաչենագետի, Հակարի, Հոչանց գետերի վրա։ Դրանցից առավել հետաքրքիր է Արաքսի վրա, Խուդափերին գյուղի, միմյանցից 750մ հեռավորության վրա գտնվող կամուրջները։ Նրանցից մեկը ունի 150մ երկարություն և բաղկացած է 15 թռիչքից։ Այն կառուցվել է XVIIդ. և առայսօր օգտագործվում է։ Մյուսը 11 թռիչք ունի, բայց մեծ մասամբ կործանված է։ Կարծիքներ կա, որ այն կառուցվել է VIIդ., իսկ XIIIդ.` վերանորոգվել։
Արցախի համարյա թե բոլոր գյուղերի մոտակայքում պահպանվել են ջրաղացներ, որոնք նույնպես ճարտարապետական կառույցներ են համարվում։
Ճարտարապետության հետ զուգորդված զարգացում է ապրում նաև քանդակագործությունը։ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում շինարարական աշխատանքների ժամանակ պատահաբար հայտնաբերվել է IVդ․ խոյակ, իսկ նույն շրջանում, Բռի եղցի համալիրի շրջակայքում՝ V դարի։
Հետագա դարերում եկեղեցիների հարդարանքը նոր զարգացում է ապրում, հանդես են գալիս դեկորատիվ նշանակություն ունեցող նոր ձևեր։ Աճում է զարդարվեստի նշանակությունը, ծավալվում ֆիգուրալ քանդակագործությունը։ Այս իմաստով առավել ուշագրավ հուշարձանը Գանձասարն է՝ Աղթամարից հետո հայ ճարտարապետության մեջ «քանդակային» բնույթի թերևս 2-րդ տաճարն է425։