Էջ:Artcakh history.pdf/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկշաբաթաթերթը, խմբագիր Հ. Մուսայելյան), «Աշխա­տանք» լրագիրը (1917), «Ասպարեզ» թերթը (1917, խմբագիր Հ. Մուսայելյան), «Սրինգ» (1917), «Աշակերտ» (1912) աշակերտական թերթերը, «Նեցուկ» շաբաթաթերթը (1917, խմբագիր Ա. Հովհաննի­սյան), «Եռանդ» (1917) թերթը, «Արցախ» շաբաթաթերթը (1919), «Ղարաբաղի սուրհանդակ» լրագիրը (1919, խմբագիր Ա. Քամալյան), «Նոր կյանք» շաբաթաթերթը (1919)։

Շուշիում հրատարակված պարբերականները հանդիսանում էին տարբեր հոսանքների գաղափարախոսներ, ունեին շեշտված դիրքորոշում հասարակական քաղաքական հրատապ հարցերի նկատմամբ, ինչպիսիք էին ագրարային հարցը, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի, ազգային մշակույթի ստեղծման, աշխարհաբար գրական լեզվի մշակման հարցերը և այլն։ Քննարկվող ժամանակահատվածում Արցախում բուռն զարգացում է ապրում հայագիտական միտքը։ Հանդես եկան նաև գեղարվեստական խոսքի մեծ վարպետներ։ Հրապարակ են գալիս բառարանագիտական և հայոց լեզվի քերականությանը նվիրված աշխատություններ։ 1829թ. Շուշիում լույս տեսավ Պողոս Ներսիսյանց Ղարաբաղցու «Համառոտ հայկական քերականութիւն», 1830թ. Հովսեփ վարդապետ Արցախեցու «Համառոտ բառագիրք ի գրաբարէ յաշխարհաբարն (ի պիտոյ համբակաց)» ուսումնասիրություննե­րը և 1840թ. «Առաջին մասն փիլիսոփայութեան, որ ասի տրամաբանութիւն» քերականության դասագիրքը։

Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում XIX դ. առաջին կեսում ապրած դիզակցի Առաքել վարդապետի երկհատորյա մատենագրությունը, որը հայտնաբերել Րաֆֆին521 Գտչավանքից և պահ է տվել Թիֆլիսի Հայոց Ազգագրական ընկերության գրադարանում։ Առաքել վարդապետի ձեռագիրը արժեքավոր աղբյուր է հանդի­սանում Արցախի մելիքությունների և նրանց հետ առնչվող հարցե­րի, առավելապես Արցախ-Ռուսաստան քաղաքական առնչությունների պատմության համար522։ Առաքել վարդապետի երկու հատորների մեջ հետաքրքիր նյութեր են պարունակում նաև Լանկ-Թեմուրի արշավանքների մասին։