և հռոմեացի մատենագիրները։
Ստրաբոնը վկայում է. «Հայաստանի ներսում կան շատ լեռներ և շատ լեռնադաշտեր, որոնց մեջ խաղողի այգին հեշտությամբ չի աճում. նաև շատ հովիտներ, ոմանք չափավոր, ոմանք էլ շատ բերրի, ինչպես Արաքսենի դաշտը, որով Արաքս գետն է հոսում մինչև Աղվանքի ծայրը և թափվում է Կասպից ծովը, և սրա հետ Շակաշենը՝ (Ուտիքը–Վ.Բ.) սահմանակից Աղվանքին և Կուր գետին, հետո Գուգարքը…»90։
Պլինիոս Ավագը գրում է. «Աղվանները տարածված են Կովկասյան լեռների վրա և նրանց երկիրը ձգվում է մինչև Հայաստանի և Իբերիայի սահմանը հանդիսացող Կուր գետը»91։ Իսկ Պտղոմեոսը գրում է. «…Կուրը, որ հոսում է ողջ Իբերիայով և Աղվանքով՝ նրանից անջատելով Հայաստանը»92։ Դիոն Կասիոսը, նկարագրելով Պոմպեոսի արշավանքը, խոսում է ալբանացիների մասին, «որոնք ապրում են Կուրից վեր»93։ Ստեփանոս Բյուզանդացին Կուրի աջափնյակը համարում է հայկական, հաստատելով նաև, որ «Օտինան(Ուտիքը) Հայաստանի նահանգն է»94։
Հին Հայաստանի աշխարհագրության ամենանշանավոր երկը՝ Շիրակացու «Աշխարհացոյց»-ը, որը Արշակունյաց Հայաստանի իրական վիճակի նկարագրությունն է տվել, հայ-աղվանական սահմանի վերաբերյալ նշել է. «Աշխարհն Աղուանից, որ ընդ մեջս է գետոյն Կուրայ և Կովկաս լերինն»95։
Հետաքրքիր է նաև այն փաստը, որ ներկայիս Ադրբեջանի 19-րդ դարի առաջին կեսի հասարակական գործիչ ու գիտնական Աբաս Կուլի-Աղա Բաբիխանովը, շարադրելով արևելյան Այսրկովկասի պատմությունը, եկել է հետևյալ եզրահանգմանը. «Դատելով զանազան հանգամանքներից ու աղբյուրների տեղեկություններից, կարելի է եզրակացնել, որ Կուրի աջափնյակը՝ մինչև Արաքսի հետ միախառնվելու տեղը կազմել է Հայաստանի մասը»96։
Արշակունյաց հարստության շրջանում, ավատատիրական կարգերի սկզբնավորման և ժառանգական հողատիրության ինստիտուտի ձևավորման ընթացքում պարարտ հող է նախապատրաստվում կենտրոնախույս ուժերի տարանջատման և գավառական իշխանությունների ու թագավորի միջև հակամարտության համար։