− Բաբեն ղուրբան, չէ՞ աղջիկ լե մեղք է...
− Մինչև էնի չզարկեր, ես լե չզարկի,−բողոքում է տղան։
− Հազրո,− կանչում է նստած ստվերներից մեկը,−չալե՜ս։
Ուրեմն այս բարձրահասակ մարդն է Հազրոն, որի մասին պատմել էր ինձ իմ վաղեմի ծանոթը։
− Խնամին, խնամին...
− Յար խուշտա...
Տղան արագ իջնում է նրա գրկից և վազում ներքև։ Հազրոն մոտենում է ինձ և մեկնում ձեռքը։
− Բարի տեսանք։
Նա ունի լայն ճակատ, որ լուսնի տակ պղնձագույն է երևում, ճերմակ մազեր և կեռ արծվաքիթ։ Նրա աչքերը փայլում են երիտասարդական ավյունով։
− Կխաղա՞ք,− նայում է մյուսներին։
Ես երբեք, երբեք չեմ մոռանա այդ լուսնյակ գիշերը բարձր լեռան մի գյուղում, Հազրոյի տան կտուրը, նրա նվագը և հսկաների հին պարը։
Տղան տնից բերեց սրինգը, այն ծիրանի փողը, որ քիչ ավելի երկար էր մեր հովիվների սովորական սրինգից։ Նա կանգնեց կտուրի ծայրին, փողի բերանը դարձրեց դեպի գյուղի կողմը, և հետզհետե, ինչպես լուսաբացը լեռներում, զարթնեց «Յար խուշտան»։ Նա սկսեց դանդաղ և մեղմ, հետո ձայները զորացան, արագացավ չափը։ Հետո վայրենի կանչով վեր թռավ ջրբաժանը, կանգնեց կտուրի մեջտեղ, նրան հետևեց երկրորդը, երրորդը և շուտով նրանց երկու շարքը, ինչպես երկու վիթխարի ապառաժ, զարնվեցին իրար՝ ձեռքերով, ծնկներով և կրծքով։ Նվագն ավելի թնդեց․ դողում էին կտուրի գերանները, կարծես իրար վրա արշավում էին բանակներ։ Նրանց ձեռքերի հարվածը պողպատի ձայն էր հանում, և կայծեր էին թռչում նրանց բորբոքված աչքերից։
Հարևան կտուրների վրայից, տների բակերից կանայք և աղջիկները դիտում էին լեռնականների պարը։ Երբ մի շարքը մյուսին ետ էր մղում ձեռքերի հարվածով, կարծր կրծքերի զարկով, նահանջողները արշավում էին նոր թափով, որպեսզի վրիժառու լինեն ամոթի և պարտության համար։
Հազրոն նվագում էր իր ծիրանի փողը, նվագում էր նոր զվարթությամբ այն երգը, որ իբրև երիտասարդ ֆավն նվագել էր իր հայրենի քարանձավներում, այնտեղ, ուր ամպերը հյուղակներից ցածր են լողում և երբ զարկում է կայծակի լախտը, մի վայրկյան բռնկվում են ձորերը։