Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նստիմ անուշ խոտերու վրեն, հանց գառներ մարդիկ նստեն զիմ չորս բոլոր, երգեմ էնոնց խաղաղության զիմ երգեր, մարդիկ հալալ զուլալ ախպրտոնց պես գրկեն զիրար, չեղնի ոչ տեր, ոչ մշակ, ոչ թուր, ոչ բռնություն։ Փչեմ զիմ ծիրանի փող, էլման ծուխ բարձրանա երդիկներեն, խմեմ մըր լուս աղբըրներեն, զիմ քրտինք կաթա մըր քարերու վրեն, մըր Մարութա բանձր սարի ամպ թող լիզա զիմ սիվտակ ոսկորներ:

− Հազրո, իսկ ո՞ւմ կտաս քո ծիրանի փողը։

− Զիմ փող կիտամ իմ քաջարծիվ թոռնիկին։

* * *

Փողոցում խաղաղություն է:

Քնել են հոգնած մարդիկ, և փողոցի լապտերների լույսի տակ տրորվում են քաղաքի տները, նրանց սև պատուհանները։ Լեռներից զով է իջնում քաղաքի վրա, և գիշերային զովը բերում է սուսամբարի բույրը, լեռների հստակ օդը և մաքուր ջրերի ձայնը։

Ես գոցում եմ ուղևորության իմ տետրը, նրա մեջ սուսամբարի երկու տերև՝ գորշ ու չոր, ինչպես հանգած մոխիր։ Լեռների վրա վրնջում է իմ ձին՝ ինչպես սանձարձակ ուրախությունը, ինչպես սպիտակ ջրվեժը, որ իջնում է բարձրերից, թափով կտրում դաշտը, խառնվում մի պղտոր գետի և ուրիշ ջրերի հետ գնում դեպի անեզր ծովը։

Ձյանբերդ... Ձայնբերդ...

Դու դառնում ես անպարտելի ամրոց, քո բարձր լեռները զարթնել են, և քո լանջերին հնչում են հաղթության երգերը։

Մի վիթխարի ծիրանի փող, առանց հին ահի և նոր խնդությամբ հնչեցնում է մեր արդար երգերը։

1931

ՆԱՄԱԿ ՌՈՒՍԱՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ

Իրիկնապահին՝ Արթին պապիս նստելու տեղը կամարակապ դարբասի նիշն էր, որի ներքևի մասը, գետնից մետրաչափ բարձր, կոկիկ տաշած էր, քարե աթոռի պես սարքած։

Կնստեր իր տեղը, կկռթներ հոնի կարմիր մահակին, գլուխը մի կթեքեր, և եթե զրույցընկեր չունենար, ինքն իրեն կխոսեր