Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՍԵՎ ՑԵԼԵՐԻ ՍԵՐՄՆԱՑԱՆԸ
1

Ես հարցնում եմ Ավագին.

− Մնո՞ւմ է այն վարագույրը...

− Մնում է։

− Իսկ մա՞յրը...

− Մայրը դեռ հավատում է։

Հետո բարձրանում է մի այլ վարագույր և երևում են արևի շողերով ողողված Արաքսի տափարակը, առափնյա դեղնած եղեգները, որոնք հազիվ օրորվում են գետի զովից։

Ավագի հետ հասնում ենք հնձած արտերի սահմանին և նստում միայնակ չինարու տակ։ Ընկերս սրբում է քրտնած ճակատը և արևից այրված աչքերը դարձնում մութ սաղարթի կողմը։ Ճյուղերի վրա նստել են գեր սարյակներ և դաշտային գորշ ճնճղուկներ։ Նրանք անհանգստանում են և թվում է, թե հարցնում են իրար, թե ի՞նչ մարդիկ ենք, հրացան չկա՞ մեր ձեռքին, կամ քար չե՞նք առնի։ Ապա հանդարտվում են, որովհետև ծեր սարյակը հանդիմանում է նրանց անտեղի հուզմունքի համար։ Այնուամենայնիվ թռչունները բարձրանում են վերևի ճյուղերի վրա։ Նրանք կորչում են տերևների արանքում և չի դադարում թռչնային անհանգիստ զրույցը։

Շոգից և հոգնությունից ծանրանում են իմ կոպերը և երբ փակում եմ աչքերս, լսում եմ հազարավոր գերանդիների խշշոց, նույնիսկ հասկերի վայր ընկնելը։ Հետո սաստկանում է այդ խշշոցը, զով է լինում և լսում եմ բազմաթիվ նիզակների իրար զարկվելը։ Աղմկում են եղեգները... Երևի գետի հունով լեռներից իջնում է սառը հոսանքը։ Ապա մեկնվում եմ Ավագի կողքին և աղմկող եղեգների արանքից նայում Արարատին։ Երևում են լեռան մուգ-կապույտ ստվերները, վրան ձյունի նման սպիտակ ամպ։ Երբ օրորվում է եղեգը, օրորվում է և լեռան կապույտ ստվերը, հազիվ նշմարելի դողում է գագաթի սպիտակ ձյունը, որ ցուրտ ցոլք է տալիս շիկացած օդում։

Ու լիաթոք շնչում եմ զովը, որ իջնում է լեռան բարձր գագաթից, ամպի նման սպիտակ ձյուներից և այն կապույտ, ինձ համար հավիտյան անհասանելի ամպերից...

Գետնի կավն արևից ճաքել է։ Խոր ճեղքերից բարձրանում է խանձված հողի բույր։ Մի սարդ հյուսել է ոստայնը ճեղքի վրա. ծղնոտի ծայրը