– Վեսկան քիրվա, ա՜յ Վեսկան քիրվա,– ներս է մտնում մի վիթխարի հովիվ, հետևից շունը.– կոշիկ կկարե՞ս...
– Կարեմ, կարեմ... Մատներդ մեջը խաղացրո՜ւ, խաղացրո՜ւ– և Չաքմաչի Վեսկանը քաշում է ութերորդ զույգը.– կարե՜մ, կարե՜մ...
– Համա մի քիչ ճըռճըռ կդնես տակը։
Ճռճռան կոշիկն առանձնապես հարգի էր սարվորների մոտ։ Նրանք սիրում էին, երբ կոշիկը ձայն էր հանում և հովիվը, որ շունն հետևից մտել է խանութ, այդ է խնդրում։
– Էդ մի քիչ դժվար է։
– Ինչի՞ է դժվար, չաքմաչի քիրվա։
– Դրա համար հարկավոր է քսան ձու, մի գրվանքա յուղ...– և հովիվը բերում է քսան ձու և մի գրվանքա յուղ։
– Հիմա կլինի՞։
– Հիմա որ կլինի... Երեք օրից կոշիկներդ պատրաստ են։ Էնպես ճըռճըռ դնեմ մեջը, որ մինչի Ղարաբաղ ձայնը լսվի,– և հովիվը, ոտքի չափը թողած, գնում է։ Իսկ Չաքմաչի Վեսկանը աշակերտներից մեկին պատվիրում է «մի լավ ձվածեղ քսան ձվից»։ Հովվի բերած ձվերը և յուղն ուտում են, ապա կոշկակար վարպետը դանակով կտրատում է մի բարակ կաշի, թաթախում կեղտոտ նավթի մեջ և շպրտում աշակերտին.
– Էս կդնես էն հայվանի կոշիկի տակ։ Էնպես ճռճռա որ...
Մայր հրապարակում ուրիշ առևտուր է։ Սարերից և գյուղերից քշած բերել են հազարավոր ոչխար, կով, ձի, եզ։ Չոդառները գործի են։ Նրանք մոտենում են ոչխարի հոտին, ձեռքով տրորում են ոչխարի մեջքը և կողքը, մի ակնթարթում հաշվում են հոտը և հարցնում են․ «Հիսուն ոչխարին ի՞նչ տամ»... Միջնորդները, որոնց ձեռքով են առնում և վաճառում անասունները,− իսկույն մոտենում են։
– Աստված բարի տա,– և իրար են միացնում չոդառի և ոչխարատիրոջ ձեռքը։
– Հատին չորս մանեթ, որը հավանեմ։
– Հատին հինգ մանեթ։
– Լավ գին է, ես իմ աստված։ Առավոտյան Հաջի Բաղիրը ծախեց չորս մանեթով։
– Չորս մանեթ մի աբասի։
– Աստված բարի տա,– և միջնորդը համարյա զոռով իրար է միացնում նրանց ձեռքերը և բղավում է.
– Չորս մանեթ երկու աբասով հիսունը ջոկիր:
Կանչ, աղմուկ, շների կլանչոց։ Հովվական շները, որոնք ոչխարի