− Այդ պատահարի մասին ինձ քիչ առաջ պատմեցին և ինձ շատ վրդովեցրին հարբած վաճառականների անիրավությունները:
− Ուրեմն, եթե դուք այնտեղ լինեիք, անշուշտ կմասնակցեիք կռվին և արևելցու ձեր տաքարյունությամբ գուցե ավելի հեռու գնայիք, քան ուսանող Թոմաս Բրյուլլը։
− Ես չգիտեմ, բայց ես գութ ունեմ։
− Դրա համա՞ր այնքան դառնացաք ծերունի Կրուչինսկուց։
− Նա մի ասիացի բռնակալ է, ավելի բիրտ, քան այն քուրդը, որ յուր լեռներից բացի ուրիշ ոչինչ չի տեսել...– նրա աչքերը բոցկլտացին ատելությամբ և ազնիվ զայրույթից գեղեցկացավ դեմքը։ «Այս հայի հոգին գանձեր ունի, ինչպես նրա խավար երկիրը և արդյոք նա չափից ավելի չի՞ բորբոքում յուր ատելությունը», մտածեց պրոֆեսորը, որ նրան խնամում էր, ինչպես անդրծովյան երկրից բերած մի գազանի, որ ձեռնասուն էր դարձել և սիրում էր նրա խնամող ձեռքը, բայց ուներ նաև ճանկեր և մի անհայտ ուժ նրա մեջ երբեմն արթնացնում էր այլ բնազդներ։
Տիկին Էլոիզը վեր կացավ, գանգատվելով, որ երկար է նստել և երևի արդեն անհանգստանում է նրա ամուսինը: Բոլորը ոտքի կանգնեցին:
– Արմենիերը կուղեկցի ձեզ և ապա կվերադառնա յուր բնակարանը և կպատրաստի դասերը,– ասաց պրոֆեսորը։
− Ես նրան միայն ցույց կտամ Գերմանին իբրև կենդանի ապացույց, որ նրան ոչինչ չի պատահել,− տիկին Էլոիզը ծիծաղեց, ձգեց իրանը, նրա թավշե զգեստը ծալ-ծալ ծփաց, ինչպես կատվի մորթին, երբ տաք անկողնում զարթնում է կատուն։
Նրանք բարի գիշեր ասացին և հեռացան։ Պրոֆեսորը սանդուղքի գլխին պահեց լապտերը, մինչև նրանք դուրս եկան փողոց։
Դուրսը մութ էր և մարդաձայն չէր լսվում:
− Երկար նստեցինք,– և տիկինը դանդաղեցրեց քայլերը։ Նրանք լուռ գնում էին կողք-կողքի։
− Դուք չե՞ք մրսում... Սառն է օդը:
− Ես ցուրտ չեմ զգում։
− Երիտասարդ եք և եռում է ձեր արյունը, իսկ ե՞ս,– և նրա ձայնը դողաց։
Տիկին Էլոիզը յոթ տարով մեծ էր Արմենիերից, սակայն նա խնամքով էր պահել իրեն և տարիքից ավելի երիտասարդ էր։
− Դուք դարձյա՞լ զայրացած եք։
− Այն ծերունու վրա՝ այո՛: