Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հետո սև նավթ թափեցին և խոտի խուրձեր, վառեցին նավթն էլ, խոտն էլ։ Մութի մեջ վառվում էին խարույկները, ճենճերահոտ էր բարձրանում, իսկ քամին նավթի ու խանձված մսի հոտը փչում էր հեռու, դեպի սարերը, ուր կանաչի վրա գիշերվա ցողն էր կաթում։

Բակում բառաչում էին հորթերը մինչև ուշ գիշեր, սուգ էր իջել գյուղի վրա։

Պետին անխոս, ցավը սրտում, կանգնել էր վառվող խարույկների առաջ, միտն էր բերում սև կովը, որ կուրծը կախ էր միշտ, և հանդից գալիս յուղոտ կաթը ծլլում էր։

Երբ խարույկները հանգան, Պետին շիվար ետ դարձավ, կոլոլվեց կարպետի մեջ, պառկեց հերվա չոր խոտի վրա։

Որբ մնացած հորթերը բառաչում էին, և հերվա խուրձը գլխի տակ, հնացած կարպետի տակ Պետին լալիս էր անօգ մնացած մանկան պես։

* * *

Մյուս առավոտ տավարը տանելիս Պետին սիրտ չարավ կալերի կողմը նայելու, գլուխը կախ անցավ։ Աղբյուրի մոտ Զառի աքիրն էր, որ կովը բերել էր նախիրին խառնելու։ Եվ Պետին առաջվա պես նրան չասաց, թե՝

− Հեյվանը մեղք ա, քիչ կթի։

Բայց Զառի աքիրը տնքալով իր խոսքն ասաց, որ՝

− Փորձանք ա գալու գեղի գլխին։

Առաջին օրերը շատ ծանր անցան։ Պետին չէր կարողանում մտահան անի կրակով վառած տավարը։ Սիրտը մղկտում էր, նեղանում էր իրենից, երբ մտաբերում էր, թե ինչպես ինքը հիվանդ կովին սարի տակ մահակով մի անգամ խփեց։

Ժամանակն անցավ, ժամանակի հետ էլ գյուղը մոռացավ կորուստն իր։ Ձմեռը եկավ։ Էլի առաջվա պես Պետին գոմերումն էր, ծանրած կովերին էր նայում, պարապությունից նեղվում և ձմռան վերջին նայում, թե երբ են երևալու Այու սարի դուրս ցցված կողերը։

Ձմեռն անցնում էր, հալոցքի հետ խոտ էր կանաչում, կանաչի հետ ջահելանում էր Պետին, եռում էր արյունը։ Բայց մտքից հանել էր կաղլիկ, մի ձեռքը չորացած պառավ աղջկան։

Զառի աքիրն էլ մեռել էր, և էլ ոչ ոք նրան չէր ասում, թև՝

− Կնիկ առ, այ փուչ մնացած, հորդ ամարաթը շինիր։