Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/615

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ օրից շաբաթը երկու անգամ Արմենիերը գալիս էր նրանց տուն, տետրակները և քարե տախտակը թևի տակ, ինչպես դպրոցական տղա:

Պարրոտի կինը տիկին Էլոիզին պատմել էր, որ երիտասարդը դյուրաբորբոք է, երբ խոսում են նրա հայրենիքի մասին։ Նա պատմել էր Արմենիերի ընդհարումը մեկի հետ, որը գռեհիկ էր արտահայտվել հայ աղջիկների մասին։ Տիկինն ասել էր նաև այն, որ նա բարձրաձայն է խոսում, ինչպես լեռնցի, որ հոգևոր կոչումի լինելով, նա խիստ բծախնդիր է իր հավատի և ծեսերի անաղարտության։ Տիկին Պարրոտը հատկապես խնդրել էր ուշադիր լինել նրա արտասանության, շարժ ու ձևերի և նրա բնավորության դաստիարակության, կանացի բնազդով զգալով, որ ոչինչ այնքան գեղեցիկ չի հղկում երիտասարդին, որքան միջավայրը կիրթ և ազնվամիտ կանանց։

Սակայն այլ էր տիկին Էլոիզը։ Այն ամենը, ինչ բիրտ էր Արմենիերի բարքի մեջ, նրա համար առնականի կատարելատիպն էր։ Նա սիրում էր նրա կոշտ լեզուն, հնչեղ ծիծաղը, որի համար տիկին Պարրոտը նրան խրատում էր, թե վայելուչ չէ այդպես աղմկալի ծիծաղելը տիկինների ներկայությամբ,− նրա պարզ միամտությունը, զգացմունքների անմիջականությունը, նույնիսկ հայ դպրի տարազը, որով Արմենիերը առաջին օրերը գնում էր նրանց տուն,– սիրում էր նրա կախարդական պատմությունները Արևելքի մասին, որտեղ խիստ են սիրում և խիստ են խանդում,− սիրում էր Արմենիերի ոճավոր խոսքերը և նրա զարմանալի երգերը, որոնց մեջ կար և՛ վիշտ, և՛ վախ։

Տիկին Էլոիզը սիրում էր նրան։ Սիրում էր ինչպես մայր, որ կրքով գուրգուրում է որդուն, սիրում էր և ինչպես կին, որ զգում է, թե այդ է վերջին գավաթը կենաց խնջույքի, որից հետո այլևս ոչինչ չկա և չի լինելու։ Նա և ուրախ էր, որ կյանքի ցուրտ միգում անակնկալ բոցավառվել էր այդ խարույկը, և տխրում էր, նախազգալով, որ կփչեն զորեղ հողմեր, կհանգչի կրակը և այլևս չի լինի ոչ սպասումի կարոտ, ոչ ջերմացնող մտերմություն և նույնիսկ մոխիրը կսառչի:

Նրան թվում էր, թե որ շատ վաղուց աղջկային երազների մեջ երկվացել էր այդպիսի մի երիտասարդ։ Երբ թերթում էր «Վերթերը»,– գրքի ծալքերում մոռացված ծաղիկները և ծամը նրան հիշեցնում էին այն թեթև սերերը և հանդիպումները, որ կանուխ չորացան, ինչպես առապարի ծաղիկները, որոնք միայն վաղ գարնան և շատ կարճատև շքեղացնում են առապարը... Ապա հանդիպեց Գերմանին, որի զվարթությունը ցամաքել էր նույն օրը, երբ նա հրաժեշտ էր տվել ուսանողական կյանքին Ենայի համալսարանում։ Այդ օրից սկսվել էր նրանց կյանքը՝