Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/662

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քթի տակ չասեր անհասկանալի բառեր, որ մոգական զորություն ունեին Ասատուրի համար։ Բայց նույնիսկ խստապահանջ գերմանուհու համար Միրզամը բացառություն էր։ Նրան նույնիսկ հաճելի էր Edelmann Mirsaam-ի ներկայությունը։

Դռան մոտ Միրզամը քոշերը հանեց և մաքուր գուլպաներով մոտեցավ ցածր թախտին։ Նա հանեց և մեծ թաշկինակը, որ կապած էր գոտուց, և սրբեց երեսի քրտինքը։ Փոքրիկ երեխան նստեց նրա ծնկանը։ Ծերունին զգուշությամբ գրկեց երեխային, կարծես փխրուն իր էր, որ ամուր սեղմելուց կփշրվեր։ Տարվա այդ ժամանակ հազվագյուտ էր թարմ միրգը, բայց Միրզամը գրպանից հանեց երկու կարմիր խնձոր։ Մաքուր և շողշողուն էին խնձորները, որոնց կարմրությունը ավելի նկատելի էր՝ սպիտակ և փափուկ ձեռքերի մեջ։ Նույնիսկ հայրը, որ արագ հագավ շտիբլետները և կոճկեց ժիլետը, նույնիսկ հայրը հիացած նայեց այն բարիքներին, որ դեռ ընծայում էր Աբով պապի այգին, այն հին այգին, որի ծառերի տակ խաղալով անցել էր նրա կանաչ մանկությունը։

− Միրզամ, էս մեր Ճաքած ծառի խնձորը չի՞։

− Չէ, որդի, սրանք շահալմասի են։ Սամթով պահես՝ մինչի աշուն կմնա...

− Դե, պոպոշ ջան, գնա, բալիկս,− և ձայն տվավ կնոջը։ Սենյակի դուռը բացվեց, տղան գնաց՝ քարշ տալով մետաքսե ղեյթանը։

− Ո՞նց եղավ,– անհամբեր հարցրեց նա, մատները խրելով մազերի մեջ։ Միրզամը շփոթվեց և նորից հանեց թաշկինակը... Ինչքան խաղաղ էր այդ մի քանի րոպեն, երբ դռնից նայում էր, երբ խնձորները հանեց, «արքայական» խնձորները։ Կարծես սկսվում էր սովորական զրույց։ Միրզամն ափսոսաց, որ երեխան գնաց։ Մենակ՝ երես առ երես, ավելի դժվար էր։ Ապա նայեց նրա կապտավուն աչքերին, նրա պարզ աչքերին, որ մանավանդ ցոլում էին, ինչպես աստղերը ջրհորի ջրի մեջ՝ խորը, խորը։ Ու թեև այդ աչքերը նայում էին անհամբեր հետաքրքրությամբ, բայց նրանց խորքում Միրզամը տեսավ հին, շատ հին, իրեն շատ ծանոթ և սիրելի պատանու պատկերը։ Եվ ծերունու հիշողության մեջ զարթնեց այդ պատանու վաղեմի անունը՝ որ այլևս չէր արտասանվում։ Այդ մարգը՝ շրջապատված գրքերով, օտար և նրան անծանոթ իրերով և նույնքան օտար զգեստով, այդ մարդը իր Խաչերն էր, չար Խաչերը, Խաչոն, Խաչատուրը, ծիծեռնակի բույն քանդողը, այն չար տղան, որ ուներ մի ծեր շուն, շանը կապում էր ձիերի ախոռում և ստիպում, որ շունը խոտ ծամի։

Միրզամի ձայնը դողաց.

− Խաչեր, բալա ջան, էսպես եղավ եղելությունը...