— Հա՛, ստի մի արխ կար... Մեշատ էր անում, տափի տակը քցեցին։ Էս նրա ձենն է...
Ծաղկած ծիրանիների փողոցի առուն։ Քարերի տակ, մութի մեջ գնում են ջրերը, և նրանց ձայնը խուլ է հնչում:
Լևոնը վեր կացավ։
— Չայ խմի...
— Չէ, գնում եմ:— Եվ մի քիչ մտածելուց հետո, հարցրեց.
— Օսեփ, էստեղ ծիրանի ծառեր կային...
— Ճշմարիտ, քո ասածն ա, ընկեր Լևոն... Հրե մի հատը մնում է...
Տախտակների կույտի հետևը մնացել էր մի ծիրանի։ Երևի նա մնացել էր, որովհետև տախտակները դարսել էին առաջը։ Իսկ պատի հետևի շարքը չկար: Նրանց տեղը ավազի, քարերի կույտ էր։
— Ըստի աղաք էլ եկած կլինես, որ հարցրի՜ր...
— Հա՛, ևս էս փողոցումն էի ապրում... Ասացի մի տեսնեմ ինչ կա...
— Ինչ կա ... Պալատներ կան, ընկեր Լևոն... Սրա մի հատը մեր պեղումը լիներ, սաղ ժողովուրդը մեջը կհավաքվեր:
— Էդ էլ կլինի, Օսեփ...
-Էն վախտը կնիկս կառնեմ, կգամ գեղը... Մեր սարերը սիրտս շատ ա ուզում, է՜...
Պահակը նրան ճանապարհ քշեց մինչև փողոցը։
Բաժանվելուց նեղացավ, որ Լևոնը մերժեց թեյ խմելը։ Լևոնը գլուխը կախ հեռացավ։
Քայլում էր ջերմ ուրախությամբ, գոհ էր իր այցելությունից:
— Եթե Ասաքը քնած չլինի... Երևի նա էլ ինձ նման քիչ է լինում այս կողմերը։ Մեզնից շատերը չգիտեն այն բոլորը, ինչ կառուցում ենք։ Չենք տեսնում... ժամանակ չունենք...