երբ սթափվում էր և զգում, որ այդ միայն ժամանակի համար է, սիրտը կոտրվում էր, հեռանում էր սեղանից և էլի ձեռքերը թիթեղյա վառարանին մոտեցնում։
Հին ծանոթներից երբեմն այցելության էին գալիս։ Բայց ամեն անգամ, երբ ծանոթը դուրս էր գնում, և Իվան բեյը մնում էր մենակ իր մտքերի հետ, սիրտը տակնուվրա էր լինում, ալեկոծվում էր լճի մակերեսը, որի վրա տեղ-տեղ ջրախոտերը արդեն ճահիճ էին գոյացրել։
Չկամ էր ընդունում եկողին, նրանք էլ հաճախ չէին գալիս։
* * *
Ձմռան մի գիշեր էլ պառավը մեռավ։ Հիվանդ չէր, միայն քնելուց առաջ սրտի ծակոցից էր գանգատվում։
Իվան բեյը ուշք չդարձրեց, որովհետև պառավն այդ հիվանդությունը վաղուց ուներ և շատ անգամ էր սիրտը բռնում, տնքում։
Առավոտը կանուխ վեր կացավ Իվան բեյը, հավերին կուտ տվավ, եկավ, որ պառավին զարթեցնի։
— Վեր է՜, այ պառավ,— ասաց ու թեթև շարժեց։
Հանկարծ աչքին ընկավ պառավի գունատ դեմքը և աչքերը բաց, ապակու անկենդան փայլով։ Իվան բեյը հասկացավ, ցավից կանչեց զիլ և ընկավ պառավի դիակի մոտ։
Ծանոթ ու հարևան հավաքվեցին և ձմռան մի ցուրտ օր, երբ նոր եկած ձյունը պսպղում էր արևի տակ, որպես ասեղի ծայրեր և ճռճռում՝ նոր գնած կոշիկի պես, պառավին թաղելու տարան։
Ցուրտ էր, տերտերը շտապում էր։ Սառել էր գետինը, գերեզմանն էլ խոր չէին փորել։
Երբ դագաղն իջեցրին և ձյունախառն հողը բահով փոսի մեջ լցրին, Իվան բեյը, որ գլախաբաց կանգնել էր և լեցվող փոսին էր նայում, մտածեց, թե ինչքան ցուրտ է լինելու պառավի համար։ Ավելի կուչ եկավ վերարկուի մեջ, արցունքները գլորվեցին այտերի վրայով։
— Մի բուռ հող էլ դու լցրու, Իվան բեյ,— ասաց տերտերը։