Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գավիթը, ձիթհանքի քարերը, որտեղ հիմա արևկող են արել վանականները... Ահա կարծես գետնի տակից դաշտամուկի նման դուրս եկավ Կուզ Բաղդասար վարդապետ Խըդր օղլին։ Նա հոտոտեց մուկի նման և մանր քայլերով արագ-արագ գնաց և իսկույն մտավ Շիրաճի Բարսեղ սարկավագի խուցը, «Խաբա՞ր ես, խաբա՞ր ես, քանաքեռցի Խաչատուր չիք-դպիր լյուտերականաց հետ... միանգամա՜յն է...»։ Իսկ Շիրաճին դեռ նոր է զարթնել քնից և կեղտոտ եղունգներով քաղցր քորում է մարմինը և միայն մնչում է... Մուկը դուրս է վազում 10 մի ուրիշ խուց, որտեղ ամբարապետ Կյուրեղ հայր-սուրբը վիթխարի քրեղանի մեջ մածնաբրդոշ է արել և թոնրի կրակով խորոված ուլի մսերը բրդոշի հետ մատներով մղանում է բերանի քարանձավը։ «Ինքյար օլանըն իմանը[1]...» և ամբարապետն ավելացնում է այնպիսի բառ, որ խցի մոնթը, որը ջրամանը ձեռքին կանգնել է,- ամոթից շրջում է երեսը։ Եվ ի վերջո Խըդր օղլին լուրը տանում է ձիթհանքի քարերի վրա արևկող արած վանականներին՝ Զըպուն Բարսեղ եպիսկոպոսին, Մարտիրոս վարդապետին, որ կոչվում է «կենդանի նահատակս», տիրացու Իգնատիոսին, որ ճան է խաղում դուքանչի Դանել վարդապետի 20 հետ, ապա գալիս են Շիրաճի Բարսեղը, ամբարապետ Կյուրեղ հայր-սուրբը և ահագին աղմուկով բոլորը ղռղռում են, բամբասում, քրքրում են նրա անունը, ինչպես ագռավները լեշի միսը...

Հետզհետե մտքի թելը բարակեց։ Բնի և երազի սահմանում նորից երևաց տիկին էլոիզը... Ինչքան չքնաղ էր նրա դեմքը կիսաստվերում... Աչքերի մեջ պղտոր փայլ կար, շրթունքները լցվել էին մուգ կարմիր արյունով։ Երբեմն նա աչքերը փակում էր և կույրի նման շոշափում նրա գլուխը, դեմքը, կարծես ուզում էր հոգու մեջ հավիտյան դրոշմել նրա պատկերը։ Երբեմն մոտ էր պահում նրա գլուխը և նայում էր 30 առանց աչքերը թարթելու, կարծես ասում էր. «Ի՞նչ կա քո աչքերի մեջ, սիրելի երեխա, որ գրավել է ինձ... Ասա, ի՞նչ կա...»։ Բայց նա բառ չէր արտասանում, այլ երբ այդպես մոտ նայում էր նրան, ամուր գրկում էր և երկար-երկար համբուրում...

  1. Ուրացողի հավատը...