Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գարնանացանը շատ լավ բերք է տալիս, որովհետև հացաբույսերը մաքուր և լավ մշակած հողը շատ են սիրում։

Բուկը լցնելիս պիտի զգույշ լինել, որ տերևները հողով չծածկվեն: Պետք է ցողունները հողով ծածկել և ո՛չ տերևները։

Շատերը կարծում են, որ եթե կարտոֆիլի ցողունները կտրեն, թուփն ուժը կտա արմատներին, և պալարները կշատանան ու շատ կմեծանան։ Բայց այդ սխալ է։ Ամեն մի բույս սնունդ ստանում է արմատներով, և այդ ստացած սնունդն անցնում է տերևների մեջ, այդտեղ վերամշակվում, դառնում է օսլա (կրախմալ), շաքար և այլն, և նոր միայն վերադառնում է, պտուղների մեջ կուտակվում, իսկ կարտոֆիլի վերամշակված նյութերը հավաքվում են պալարների մեջ։ Այնպես որ՝ ցողունները կտրտելով, մենք, բացի վնասից, ոչ մի օգուտ չենք տալիս բույսին։

Բուկը լցնելու ժամանակ ավելի լավ է ցողունները հետ֊հետ տալ և մի քիչ հող էլ լցնել թփի մեջ, որպեսզի ցողուններն իրարից քիչ հեռու մնան։ Այդ դեպքում, ճիշտ է, մի քիչ շատ աշխատանք է հարկավոր, բայց ստացած արդյունքն էլ ավելի շատ է լինում, որովհետև յուրաքանչյուր ցողուն հավասար օգտվում է արևի լույսից։ Կարտոֆիլի թփերի բուկը լցնել կարելի է սովորական բահերով, իսկ եթե տնկված է կանոնավոր շարքերով և մեծ տեղ է բռնում, այն ժամանակ գործ են ածում հատուկ բկլից գործիք, որով շատ հաջող և արագ կերպով է այդ աշխատանքը կատարվում։ Այդ աշխատանքը հաջողությամբ կարող է կատարել և ձեռքի արորը (չութ)։

Շատերը խորհուրդ են տալիս կարտոֆիլի ծաղիկները կտրատել և չթողնել, որ սերմակալի։ Այդ արվում է բերքն ավելացնելու նպատակով։ Այդ բանը պետք է անել այն ժամանակ, երբ ծաղկելուց հետո սերմակալում են, և եթե թողնենք, նյութերի մի մասը փոխանակ պալարների մեջ հավաքվելու, կհավաքվի սերմի մեջ, որը մեզ բոլորովին հարկավոր չէ։

5. ՋՐԵԼԸ

Հայաստանի շատ շրջաններում սովորություն է դառել սերմելուց մի շաբաթ հետո կարտոֆիլը ջրել։ Այնուհետև ամբողջ գարունն ու ամառը, համարյա շաբաթը մեկ անգամ, ջրում են առանց իմանալու, թե ո՛րքան կարիք կա ջրելու։ Շատերը սեզոնում 12—15 անգամ ջրում են, որ շատ վնասակար է։