Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/531

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1 Վերնագրի վրա գրված է աստղանիշ, իսկ տողատակին` խմբագրության կողմից ծանոթություն. «Համաձայն լինելով ընկ. Անդր. Ստեփանյանի դրությներին՝ խմբագրությունս մարքսիստ պատմաբանների գործնական ուշադրությունն է հրավիրում պրոֆ. Մանանդյանի գրքի քննադատության, հատկապես շեշտելով մարքսիստ պատմաբանների կոլեկտիվ կարծիքի անհրաժեշտությունը»։

2 Պրոֆ. Հ. Մանանդյանի աշխատության լրիվ վերնագիրն է՝ „О торговле и городах Армении в связи с мировой торговлей древних времен“, որ հրատարակվել է Երևանում, 1930 թ.։

3 Պատմաբան Հակոբ Զորյանի (1894—1942) գրախոսականը տպագրվել է «Նոր ուղի», 1931, գիրք 4, էջ 131 — 144։

4 «Նոր ուղի» — գրական-գեղարվեստական, քաղաքական֊հասարակական հանդես, Ե., 1929—1932 թթ.։

5 Չութինով Գ. (1885—1973) — վրաց արվեստաբան։

6 Հովսեփ Աբգարի Օրբելի (1887—1961) — ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, հայագետ֊պատմաբան, ականավոր արևելագետ և հնագետ։

7 Տես՛ K. Marx, Das Eland d. Philisophie, Berlin, 1923, S. 62.

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ «ԱՆՀԱՅՏ ԲԱՑԱԿԱՅՈՒՄԸ»

(էջ 33)

Ինքնագիրը չի պահպանվել։ Առաջին վեց գլուխները և յոթերորդի վերջին պարբերությունը նախապես տպագրվել են «Նոր ուղի», 1932, գիրք 2, էջ 105—138, «Խաչ. Աբովյանի «անհայտ բացակայումը» (նոր նյութեր)» խորագրով, իսկ ամբողջությամբ և առանձին գրքով՝ նույն տարին, ՀՍԽՀ Պետական հրատարակչության (Պետհրատ) կողմից (64 էջ, բնագիրը սկսվում է 5֊րդ և ավարտվում 62֊րդ էջում). Հանձնվել է արտագրության՝ 7 հուլիսի 1932 թ., ստորագրված է տպագրելու՝ 28 հուլիսի 1932-ին, տպաքանակ՝ 3000 օրինակ, սովորական լրագրային թղթի վրա, և սակավաթիվ օրինակներ՝ ավելի լավորակ թղթի վրա (վերջիններից առայժմ ծանոթ է երեք օրինակ, որ Բակունցն ընծայել է այլևայլ անձանց, տե՛ս ընծայագրերի բաժին)։

Անվանաթերթը՝ «Խաչատուր Աբովյանի «անհայտ բացակայումը)»: Արխիվային նոր վավերագրերի և անհայտ նամակների հիման վրա գրեց Ակսել Բակունց: Պետական հրատարակություն, Երևան, 1932»:

Առանձին հրատարակության մեջ կան չորս վավերագրերի նմանանանություններ և մի ներդիր՝ Ա. Տեր֊Մարուքյանի կերտած՝ Խ. Աբովյանի արձանի լուսանկարը։ Գրքի շապկի վրա, որ անվանաթերթից փոքր֊ինչ տարբեր է ձևավորված («Խաչատուր Աբովյանի «անհայտ բացակայումը»։ Գրեց Ակսել Բակունց։/ Պետհրատ, MCMXXXII, Երևան»), փակցված է Աբովյանի նկարը՝ ըստ գրողի հայտնի միակ դիմանկարից, Լ․ Տիգրանյանի ջանքերով, անցյալ դարի 80 — 90-ական թթ. Տփղիսում գործող լուսանկարիչ Բարկանովի արտահանած պատճենի, իսկ ներքևում ինքնագիրը՝ «Խաչատուր Աբովյան», որ հանված է դորպատյան տարիների ձեռագրերից։ Անվանաթերթի վրա, խորագրից անմիջապես հետո,