Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/538

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սովետական ժողովուրդների պատմության մեջ, գիտության այդ «քուրմերը», գիտակցորեն թե ակամա, չէին տեսնում հայության տնտեսական, քաղաքական ու մշակութային կյանքի այլևայլ բնագավառներում երևան եկած այն դրական տեղաշարժերը, որոնք հին Ռուսաստանին էին առնչվում։ Մասնավորապես պատմական ճակատում նրանց առաջադրված սխալ տեսակետները դեռ շատ երկար իրենց զգացնել էին տալիս և այսօր էլ, վերապրուկների ձևով, երևում են այս կամ այն ուսումնասիրության մեջ։ Այդ դպրոցի վարդապետության պաշտոնական մերժումից հետո անգամ, շատերն անտեղյակ լինելով մի կողմից՝ ռուս տերության և Ռուսաստանի իշխող դասերի, մյուս կողմից՝ հայության փոխհարաբերություններին, շարունակում էին լոկ գրել ու հիշեցնել ցարական ինքնակալության ճնշումների և թողած ծանր հիշողությունների մասին։

Ակսել Բակունցն, իբրև գրականության պատմաբան ու աբովյանագետ, այս խնդրում լիակատար հավատ է ընծայել պաշտոնական պատմագիտության մեջ տիրող այդ վարդապետության սխալ ըմբռնումներին և որդեգրել դրանք։ Նրա մտքի թռիչքը ցավոք, կաշկանդել են գռեհիկ սոցիոլոգիզմի այսօրինակ պարտադրումները, և նա հայ և ռուս ժողովուրդների սոցիալ-քաղաքական-մշակութային արգասավոր առնչություններն ու Աբովյանի անձնական մեծ ողբերգությունը մի կողմ թողած՝ հիմնականում խոսում է ցարական տիրապետությունից Աբովյանի խոր հիասթափության մասին, հակասելով երբեմն և ինքն իրեն, և պատմական ճշմարտությանը։

Այս ամենը համընկան Ակսել Բակունցի ստեղծագործական կյանքի նոր շրջափուլին, երբ նա իր ստեղծագործական զարգացման ներքին մղումով, ինքնաբերաբար, հանգում և առանձնահատուկ հետաքրքրություն էր հանդես բերում դեպի պատմական անցյալն ու պատմական թեմատիկան, դեպի հայ միջնադարյան արձակն ու գոգոլյան ավանդները, վերջապես, որ ամենակարևորն է, դեպի Արևելյան Հայաստանի ռուսական տերության կազմի մեջ մտնելու ժամանակների անցքերն ու հասարակական տրամադրությունները։ Եվ նա, կրկնում ենք, որդեգրում է այն շրջանում քաղաքացիություն ստացած տեսակետները։

Այս պարագաներում, Աբովյանի անձն ու գործը անչափ գայթակղիչ կողմեր ունեին և կարող էին յուրօրինակ բանալի դառնալ հասկանալու համար ոչ միայն մեր հոգևոր ու քաղաքական պատմության տվյալ շրջափուլի հանգուցային շատ հարցեր, այլև թափանցել արդիական որոշ խնդիրների մեջ, որոնք ուրիշ առիթներով հազիվ թե նկատվեին կամ վերարծարծվեին։

Բակունցն Աբովյանին անդրադարձել է և՛ իբրև ստեղծագործող, և՛ իբրև գիտնական֊հետազոտող։ Առաջին դեպքում նրա որոնումների արդյունքը մի փայլուն, բայց հատվածական ստեղծագործություն է, մանրամասների մեջ աննախադեպ մի հորինվածք, երկրորդ դեպքում՝ Աբովյանի անհայտացման առեղծվածին նվիրված գիտական հետազոտություն, որը թեպետև խարսխված է փաստերի վրա ու լուծմամբ էլ չափազանց ինքնատիպ է, բայց էությամբ՝ վարկածային է ու անհավանական։

Ամենից ավելի Բակունցի ուշադրությունն էին գրավում Աբովյանի անհայտացմանը վերաբերող պաշտոնական գրություններն ու հայերեն որոշ էջեր, դորպատյան օրագրերը, որոնցից նա ընդարձակ քաղվածքներ է անում և անգամ հաղորդում ուրիշներին։ Բակունցն այդ առումով սովետահայ առաջին գրականագետն էր, որ հետազոտում էր հայ մեծ լուսավորչի թողոնները, որոնցից արված քաղվածքները առատորեն սփռված են «Խաչատուր