Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/560

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

113 Հին Բայազետի հայության գաղթը դեպի Հայկական մարզի ամայի գյուղեր՝ տեղի է ունեցել ո՛չ թե 1829, այլ 1830 թ. գարնանը։

114 Վագների գրքից արված այս և հաջորդ մեջբերումներն ստուգել ենք Փ. Ճամճյանի թարգմանության հետ (Վիեննա, 1851) և օտարել վրիպակները (մեծ մասամբ՝ ուղղագրական)։

115 Աբովյանի «Հազարփեշեն» պոեմին Բակունցի տված գնահատականը միակողմանի է և, ըստ երևույթին, հակասում է հեղինակի բուն դիտավորությանը, այսինքն՝ բարեկամության և փոխադարձ վստահության փոխհարաբերություններ ստեղծել Անդրկովկասի բազմազգ ժողովուրդների և այստեղ պաշտոնավարող ռուսների միջև։ Պոեմի եզրափակիչ տողերը այդ են հաստատում։

116 Մեջբերումը կատարված է Վ. Ի. Լենինի «Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում» աշխատությունից (տե՛ս В. И. Ленин о литературе и искусстве, М.. 1957. с. 152, նաև՝ Վ. Ի. Լենին, Երկերի լիակատար ժողովածու, հ․ III, Ե., 1975, էջ 755), նոր թարգմանությամբ, «Հետռեֆորմյան ժամանակաշրջանի սկզբին նոսր բնակեցված կամ լեռնականներով բնակեցված երկիրը, որ համաշխարհային տնտեսությունից և նույնիսկ պատմությունից դուրս էր կանգնած, դառնում էր նավթարդյունաբերողների, գինու առևտուր անողների, ցորենի ու ծխախոտի ֆաբրիկատերերի երկիր, և պարոն Կտրոնն անգթորեն հանում էր հպարտ լեռնականի վրայից նրա բանաստեղծական ազգային զգեստը և զարդարում էր եվրոպական լակեյի զգեստով (Գլ․ Ուսպենսկի)»։

117 Այս և հաջորդ էջերում Բակունցի առաջացրած այն թեզը, թե Աբովյանի գործունեության վերջին տարիներին էջմիածնում տրամադրություններ կային հօգուտ թուրքական օրիենտացիայի, և Աբովյանն ինքն էլ աստիճանաբար կողմնորոշվել է դեպի Թուրքիա, չի համապատասխանում ճշմարտությանը։ Ստ. Տեր-Սարգսենցի «Շահենն ի Սիպիր» գիրքը ու այլ նյութեր, որոնք ստորև վկայակոչում է Բակունցը, բնավ չեն խոսում հօգուտ այդ վարկածի, էլ չենք ասում, որ գրված լինելով 70-ական թվականներին, Աբովյանից ավելի քան 30 տարի հետո, բոլորովին այլ մտահոգությունների ու քաղաքական շրջանների թելադրանքի արդյունք էին։ Աբովյանն, այո՛, տեսել է 40-ական թթ. հայ կյանքի խոցերը, տնտեսական ու հոգևոր թշվառությունը, դառնացել, բողոքել, քննադատել, սակայն դրանց պատճառը նա որոնել է ոչ թե ռուսակսւն տիրապետության բերած «չարիքների» մեջ, այլ անգրագիտության, ազգի լուսավորության ողբալի վիճակի մեջ, հանցավոր հռչակել հայ հոգևորականությանը, որին բնավ չէր անհանգստացնում այդ ամենը, մինչդեռ ազգի լուսավորության առաջամարտիկները պետք է վանական միջավայրից դուրս գային։ Սրա մեջ է Աբովյանի ողբերգությունը և մոլորություններից մեկը։

118 «Հայաստանի ներսի մաս»֊ը բնավ չի նշանակում Օսմանլուի Հայաստան, այլ՝ հայկական լեռնաշխարհի որևէ գյուղ, ներկա դեպքում՝ Քանաքեռը։ Բակունցի այս կամայական մեկնության դեմ ժամանակին գրել է պատմաբան Աշոտ Հովհաննիսյանը (տե՛ս «Խաչատուր Արովյան», Ե., 1933, էջ 61 — 62)։