Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այսպես՝ Վաղես կայսեր հետ նրա հիվանդ որդու մասին խոսողը Բարսեղն է, իսկ ըստ Փավստոսի՝ Ներսես կաթողիկոսը: Հայ անապատականների պատմություններից ընդօրինակում է Խադ սարկավագապետի գործած հրաշքները, Մամբրեի միայնանոցում կատարված հրաշալի դեպքը (Ե, 28) հեղինակն առել է ուրիշ վանական պատմությունից, շատ բան աղոթքների մեջ փոխ է առել Բարսեղի պատարագամատույցից: Իր թերություններով հանդերձ՝ բավական նյութ է մատակարարում բանասիրության կամ լեզվաբանության համար, ինչպես նաև աշխարհագրական ու պատմական ծանոթությունների համար: (Հրատարակված է «Հանդես ամսօրյայում 1889, մարտ, էջ 40—43): Իր Տիեզերական պատմության մեջ Գաթըրձյանը հաճախ օգտվում է Փավստոսից:

Գ. Զարբհանալյանը «Հայկական հին դպրության պատմության» մեջ (Վենետիկ, 1865, Բ տպ. 1886) Փավստոսի Պատմության Հեղինակին հույն է համարում՝ հիմնվելով հետևյալ փաստերի վրա. գրքի մեջ հիշատակվում են Փավստոս եպիսկոպոս և նրա եղբայրը՝ Առոստոմ, որոնց համար պատմիչը վկայում է, թե «էին ազգաւ հոռոմ», այս Փավստոսը, Զարբհանալյանի կարծիքով, կարող է լինել Պատմության հեղինակը, դարձյալ Երրորդ դպրության վերջին գլխից հետո տրված կարճ հիշատակարանում վկայվում է, թե Փավստոս Բուզանդ մեծ պատմագիրը հունաց Ժամանակագիր էր: Սրանցից ավելի՝ Բուզանդի գիրքը ինքը հայտնում է հեղինակի ազգությունը: Այս գրքում անցքերի պատմությունը ավանդվում է բոլորովին տարբեր մյուս հայ պատմիչներից և մանավանդ Խորենացուց, և հայ հեղինակի համար անկարելի կլիներ այսպիսի անգիտություն ժամանակով մերձավոր մարդկանց և դեպքերի վերաբերմամբ: Մի կարևոր հանգամանք էլ այն է, որ հեղինակի մեջ երբեմն նկատվում է մի հնացած ատելություն դեպի հայ ազգը, որի պատճառով միշտ առիթ է փնտրում մեր ազգը պարսավելու[1]: Ջարբհանալյանը կարծում է, որ հույն հեղինակը քաջահմուտ է եղել հայերեն լեզվին և գրել է հայերեն: Հիմնվելով Պատմության առաջաբանի վկայության վրա՝ Զարբճանալյանը գտնում է, որ Պատմությունը լրիվ է հասել մեր ձեռքը, իսկ որ Առաջին դպրությունը կոչված է Երրորդ դպրություն, նա բացատրում է նրանով, որ Առաջին և Երկրորդ դպրություն համարված են Թադեոս առաքյալի և Գր. Լուսավորչի (Լաբուբնայի և Ագաթանգեղոսի) գրվածքները:

Մ. էմինը Փավստոսի Պատմության ֆրանսերեն թարգմանության մեջ, որ հրատարակվեց Լանգլուայի հայ պատմագիրների ժողովածուի (Collection) Ա ճատորում 1867 թվականին, երկու տարբեր կարծիք է հայտնում Փավստոսի Պատմության բնագրի մասին: Առաջին՝ նա գտնում է, որ այս Պատմությունը լրիվ է հասել մեր ձեռքը, իսկ Պատմության Երրորդ դպրությամբ սկսվելը բացատրում է նրանով, որ հեղինակը Առաջին և Երկրորդ դպրություն համարել է Ագաթանգեղոսի երկմասնյա Պատմությունը: Երկրորդ՝ նա

  1. Փավստոսը երբեմն բացասական վերաբերմունք է ցուցաբերում առանձին անձերի ու դեպքերի նկատմամբ և այն էլ ցավով։ — Խմբ.: