Գլուխ ԼԹ
ՊԱՐՍԻՑ ԲՈՅԵԿԱՆ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԵԿԱՎ ՔԱՌԱՍՈԻՆ
ԲՅՈՒՐՈՎ, ՈՐՈՆՑ ԿՈՏՈՐՈՒՄ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ է ՀԱՅՈՑ ՎԱՍԱԿ
ՍՊԱՐԱՊԵՏԸ:
Սրանից հետո Պարսից Բոյեկան մեծ նախարարը քառասուն բյուրով գալիս հասնում է Ատրպատական՝ կամենալով Հայոց աշխարհն ասպատակել։ Նրա առաջն է դուրս գալիս Վասակը իր Հայկական գնդով, կոտորում է Պարսից ամբողջ զորքը, Բոյեկանին էլ սպանում է Թավրեշում։ Այնտեղ նա այրում է Պարսից թագավորի ապարանքը և գտնելով թագավորի պատկերը՝ նետաձգությամբ այն ծակռտում է։ Բայց միայն Մերուժանը, որ նրանց հետ եկել էր, փախչում է։
Գլուխ Խ
ՎԱՉԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, ԵԿԱՎ ՏԱՍՆՈՒԹ ԲՅՈՒՐՈՎ
ԵՎ ԿԱՄԵՆՈՒՄ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՎԱՃԵԼ, ԵՎ ՀԱՅՈՑ ՍՊԱՐԱՊԵՏԸ
ՎԱՆԵՑ ՆՐԱՆ ՈԻ ՆՐԱ ԶՈՐՔԵՐԻՆ:
Պարսից նախարարներից Վաչական անունով մեկը տասնութ բյուրով արշավում է Հայոց աշխարհի վրա։ Ապա Հայոց զորավար Վասակը հավաքում է Հայոց բոլոր զորքերը, Արշակ թագավորին թողնում է Դարյունքի ամուր բերդում և ինքը, Հայոց Վասակ զորավարը, Հայոց զորքերով հարձակվում է Վաչականի բանակի վրա։ Սպանում է Վաչականին, կոտորում է Պարսից բանակները, միայն Մերուժանը՝ նրանց առաջնորդը, քիչ մարդկանցով փախչում ազատվում է։
Գլուխ ԽԱ
ՄՇԿԱՆԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԵՐԵՍՈՒՆՀԻՆԳ ԲՅՈՒՐՈՎ ԱՐՇԱՎԵՑ ՀԱՅՈՑ
ԱՇԽԱՐՀԸ, ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ՆԱ ԿՈՏՈՐՎԵՑ ՎԱՍԱԿԻՑ ԵՎ ՀԱՅՈՑ ԶՈՐՔԻՑ:
Պարսից նախարարներից Մշկան անունով մեկը նույնպես գալիս ճակատում է Արշակ թագավորի դեմ։ Ապա Հայոց զորավարը՝ Վասակը, Հայոց զորքը ճակատամարտի