Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սպարապետութեանն, զօրավարութեանն մարտի կռուելու, գործոյ ըռազմիկ ճակատամուղ նիզակին, իրափառն (var. իրաւափառն), աղանազգիք աղանադրօշք արծուէնշանք, վարժնականիշք». բառերի կուտակություն, որոնցից մի քանիսը անհասկանալի են կամ կասկածելի։ Մենք այսպես թարգմանեցինք ենթադրաբար, մոտավորապես: «Ստրատելատ», որից «ստրատելատություն» հունարեն բառ է, որ տառացի նշանակում է զորավար. գործ էր ածվում այն զորավարների մասին, որոնք այս պաշտոնն ստացել էին Հունաց կայսրներից:

62. (Եր. 121), «Աղանազգի» Աճառյանը (Արմ. բառ.) ծագեցնում է ասորական ադան = alana բառից, որ նշանակում է իշխան, գլխավոր։ Իսկ «աղանադրօշ» բառը նա համարում է սխալ գրված՝ նախորդ բառի ազդեցությամբ, և ուղղում է «աղաւնադրօշ»։ Ե. Մ. «աղանազգիք», «աղանադրօշք» բառերն ուղղում է «աղեղնաձիգը», «աղեղնադրօշք», ինչպես ունի և Մեսրոպ երեցի Վարք ս. Ներսեսի (Սոփերք, Զ., եր, 17)։ «Իրափառն» կամ «իրաւափառն» անծանոթ բառ է։

63. (Եր. 122). «Սատրապ» (var. սատրապետ) հունարեն բառ է, որ նշանակում է գավառի կառավարիչ։ Հունարենն էլ փոխ է առնված հին պարսկերենից, որի սկզբնական ձևը' xsatrapa , նշանակում է աշխարհապահ, երկրապահ։ Նույն բառը հայերենում պահպանված է «շահապ» ձևով, որ փոխ է առնված պարսկերենից։ Քանի որ Փավստոսը բոլոր տեսակի իշխանների մեջ առաջին տեղում հիշում է սատրապներին, կարելի է սրանից հետևցնել, թե նա աչքի առաջ ունի բդեշխներին կամ ավագագույն նախարարներին։

64. (Եր. 126). Բնագրում գրված է. «Խոնարհել ամենեցուն միով միաբանութեամբ»։ «Խոնարհելը» ուղղեցինք «խորհել»։

65. (Եր. 126). Բնագրում գրված է. «Ե զԲագարատ մեծ իշխանն ասպարապետութեանն»: Վերջին բառը, որ անշուշտ աղավաղված է, ըստ Նորայրի ուղղեցինք «ասպետութեանն»։

66. (Եր. 126). Բնագրում՝ «Ասէին նմա էնկոմիա»։ «Էնկոմիա» հունարեն բառ է, որ նշանակում է ներբողյան, գովեստ։

67. (Եր. 128). Բնագրում գրված է. «Ի դատաստանացն ամենին»։ Վերջին բառը մենք ուղղեցինք «ատենին»։

68.(Եր. 129), Որովհետև ուրկությունը (բորոտություն, գողություն) սաստիկ վարակիչ և անբուժելի հիվանդություն է, ուստի ամենահին ժամանակներից ամեն տեղ մեծ զգուշություններ էին ձեռք առնում, որ այս հիվանդությունն ունեցողները շփում չունենան առողջների հետ և նրանց չվարակեն։ Միջոցներից մեկն էր — ինչ որ և Ներսես կաթողիկոսը հաստատեց Հայաստանում — բնակություններից դուրս հատուկ ուրկանոցներ շինել, որոնց մեջ փակում էին հիվանդներին և նրանց հարկավոր մթերքներն ու այլ պիտույքները մի փոքր բացվածքի միջով ներս էին գցում նրանց ամանների մեջ։

69. (Եր. 129). Բնագրում գրված է. «Եւ պատանս աղքատաց»։ «Պատանք» բառը իր նշանակությամբ այստեղ չի հարմարվում։ Կարծում ենք,