Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պիտի տերտեր դառնաս, որ իմ տեղը քեզ մնա. չե՞ս կարող, ասում է, սաղ կնքել, մեռածը թաղե՞լ. էդ ես հետո էլ կսովորեցնեմ, մի տասը թուման է առաջնորդի ջանը, ի՞նչ կասի, որ չի ձեռնադրիլ. «կաշառքը դրախտի դուռը բաց կանի»…

Մեկ ասող ըլի դրան, թե դու ինքդ ի՛նչ գիտես, որ դրան ի՜նչ սովրեցնես։ Աղոթքներն ու մաղթանքները բոլորը կիսատ է թողնում, տիրացուի կողքին բոթում, որ շուտով քարոզն ասի։ Ավետարան կարդալիս մի գլուխ հաղում ու նմնմացնում է, ոչ մի բառ ամբողջ չի դուրս թողնում բերնիցը, տառերի մեծ մասը կուլ է տալիս։ Դրանց եկեղեցու շարականի մեծ մասին դեռ ձեռք չի տված, հարության օրերին ապաշխարության շարական է ասում։ Բայց ինչպես թանկ է ծախում իր տերտերությունը, ամեն մի ծես կատարելիս փողն էս գլխիցն է առնում, էն էլ մեկն երկուսով, ում ուզում է՝ հաս է գրում, ում ուզում է՝ չհաս… Չէ՛, դա անիրավություն շատ է անում, դրա համար քահանայությունը մի սուրբ պաշտոն չէ, այլ մի տեսակ չարչություն։ Ես գործակալի պաշտոնակատար եմ, որ ուզենամ, դրան պատմել կտամ, բայց ինչի՞ս է պետք, մենակ դա չէ էդպես, բոլորն էլ էդպես են, մեղավորը դրանց ձեռնադրողներն են… Հապա՛, որդի, էսպես բաներ էլ կան աշխարհքիս վերա, աստված պահի, կմեծանաս, շատ բան կտեսնես…

— Ես որ տերտեր դառնալու լինեմ, մինչև ամեն բան լավ չգիտենամ, չեմ դառնալ։

— Որդի, մարդս պետք է բնական ուսում ունենա, շատ կարդալով ոչինչ չի սովորիլ։ Տես՝ ինչքան մարդարեք են եղել, ինչքան առաքյալներ են եղել, նրանցից ոչ մեկն ուսում չի առեր, բայց աստված տվել է նրանց շնորհք, իմաստություն, լեզվագիտություն…

— Բայց մեկ անգամ դու չասացի՞ր, տերտեր, թե մարդարեքն ու առաքյալները որ կան, աստծու աշակերտներն են, նրա ընտրածները, բայց մենք, հասարակ հողեղեններս պետք է հողեղեններից բան սովորենք, պետք է աշխատենք… ես ինչքան պաս եմ պահում, աղոթք եմ անում, բայց որ չեմ սովորում դասս, ինքն իրան անգիր չի լինում։ Ճշմարիտ է, շատ գիշերներ երազումս կարդում եմ զանազան գրքեր, շարադրություններ, բայց միտս չեն մնում։

— Ես էնպես ասել եմ, որ դու աշխատես, չծուլանաս, խոսք էր, բերանս եկավ, ես էլ ասացի, բայց դու հավատա, որ եթե