Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այսօր տարին նորոգվեց,
Նոր օր, նոր ժամ մեզ բերեց,
    Հինն անցավ,
    Նորն եկավ
    Բարո՜վ, բարո՜վ, բարո՜վ.
Մայրիկն այսօր մեզ տրվեց
Մեղր ու չամիչ ու ասեց,
— Քաղցր ու անույշ պառավեք,
Ալևորիք և տեսնեք
    Շա՜տ տարի,
    Շա՜տ բարի,
    Բարո՜վ, բարո՜վ, բարո՜վ,
Շնորհավո՜ր նո՛ր տարի,
Քո գալուստըդ շնորհավոր,
Դու մեզ համար այս տարի
Բարի եղիր ամեն օր,
    Մինչև կաս,
    Ու կերթաս
    Բարո՜վ, բարո՜վ, բարո՜վ։

ՁՄԵՌ

Ձմեռն է, ձմեռն, սիրուն երեխեք,
Ձմեռն է, և դուք դողում, մրսում եք,
Բայց դուք մենակ չեք, ես էլ եմ մրսում,
Ես էլ եմ ձեզ պես դողում, սարսռում:
Բայց գիտե՞ք արդյոք ի՜նչ է ձմեռը,
Այդ պատկառելի համարված ծերը.
Օ՜հ, մ՛ի հարցընեք, դուք կըսարսափեք,
Երբ դրա բարքը պատմեմ ձեզ մեկ-մեկ:
Այդ անիրավը ուր ոտք է դնում,
Առանց խղճալու մահ է տարածում:
Երեսին առած ըսպիտակ դիմակ,
Մեզնից ծածկում է սև դեմքն այլանդակ։