Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ասում, թե... մախլասի, աստըծու փառքը շատ ըլի, ինքը տալիս է, ինքն առնում...


— Շատ անգամ, երբ որ մորս տեսնում եմ էստեղ նստած, ես իմանում եմ, թե նա սաղ է, մեռած չի, գլուխս դնում եմ մորս գոգումը, նա էլ ձեռքն է քսում գլխիս, երեսիցս պաչում, բայց իսկի բան չի ասում, բան չի խոսում, ինչքան մտքումս դնում եմ, թե մի անգամ էլ որ երազիս մեջ տեսնեմ, հարցնեմ, ասեմ՝ «նանի ջան, ինչի չես խոսում», հենց ուրախանում եմ ու գնում կշտին նստում։ Բայց էն գիշերը, որ դու եկար մեր տուն, էն գիշերը տեսա էլի մորս, շատ տխուր, վրես բարկացածի պես էր երևում։


— Հետո ի՞նչ մտածեցիր, ինչի՞ պետք է էդպես բարկացածի պես ըլներ։


— Ո՞վ գիտի, կարելի է թե նրա համար ըլներ, որ ես...


— Որ դու նշանված չես ու ինձ սիրում ես, էդ չես ուզում ասել։


— Հա՛:


— Հերիքնա՞զ ջան, գիտե՞ս ինչ կա։ Ես ուզում էի օրինավոր նշանտվեք անեմ, բայց բանն էսպես եկավ։ Ես ինձ մոտ մի խաչ մանեթ ունեմ։ Էսօր խանշալի ծերով ծակեցի ղաստի քեզ համար, որ շլնքիդ կապես։


Այս ասելով Արզումանը հանեց քիսիցը մի խաչ մանեթ։


— Ահա՞ քեզ նշան։ Թե որ կուզես, դու էլ քու մատնիքներիցդ մինն ինձ տուր։ Արի՞, իմ հոգի, չոքենք էս օջախի ղրաղին, սրա քարիցը համբուրենք, թո՞ղ քու հերն ու մերը տեսնեն, մեր նշանն օրհնեն։


Հերիքնազը հնազանդվեց։ Արզումանի ձեռքից առավ խաչ մանեթը, իր մատից մի մատանի հանեց, տվավ Արզումանին։ Չոքեցին, համբուրեցին օջախի քարիցը և հետո իրանք համբուրվեցին։ Որքա՜ն սեր, որքա՜ն սրբություն կար այդ համբույրի մեջ...


Մարիամը տեսավ, որ ջահիլներն ուշանում են, շատով գնաց նրանց հետքից, և մեծ տան մութը անկյունում կանգնած՝ ականատես վկա էր այդ բոլոր անցքին։ Նա ձայն չէր հանում և չէր ուզում խանգարել նրանց արարողությունը, որ ի սուրբ սրտանց էր։ Երբ որ իրար համբուրեցին, հետո չոքեցին օջախի քարից համբարեցին, նա այդ ժամանակ միայն մոտեցավ և ասաց.


— Ուխտներդ ընդունելի ըլի, աստված մուրազներիդ հասցնի։